Մարտենս, եթե սա է Եվրոպան… Րաֆֆին պատասխանում է /վիդեո/
”Մարտենս, եթե սա է Եվրոպան , մեզ բնավ պետք չէ՛՛,-այսօր ՛՛Ազատության՛՛ հարապարակում հայտրարեց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսին, որի ղեկավարած կառույցի անդամն է “Ժառանգությունը”:
՛՛Ես քննադատեցի Մարտենսին՝ ՀՀԿ-ի նախորդ համագումարում իր քիթը մեր ներքին գործերի մեջ խոթելու համար: Երբ եկավ Երևան, չուզենալով ինձ հանդիպել, ես պահանջեցի և իրեն ասացի հանկարծ չկրկնել նույն սխալը` գալ Հայաստան, խոսել օրենքի բարձր արժեքների մասին, հետո մասնակցել այդ արժեքների սպանությանը՛՛,-հավելեց նա:
Հովհաննիսյանը նշեց, որ ԵԺԿ նախագահի շնորհավորանքը կեղծում է Եվրոպայի բարձր արժեքները: ՛՛Դուք պատրանքի մեջ եք Հայաստանի ժողովրդի մասին, ձեր Եվրոպական արժեքները մեզ ի պահ չտաք՛՛,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե Հովհաննիսյանը հույս ուներ հավաքել ընդամենը քսան տոկոս ձայն, արձագանքեց. ՛՛Ինքն ինչ գիտեր, որ ես նախատեսում էի քսան տոկոս և պիտի բավարարվեի երեսունյոթով: Ինքը պիտի չզարմանա իմ վերաբերմունքից, թող զարմանա հայ ժողովրդի ոգուց, թող ոչ ինքը, ոչ ԱՄՆ նախագահը Հայաստանին դասեր չտան ժողովրդավարության մասին՛՛:
Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե նման քաղաքականությունը շարունակվի, ապա ‘’Ժառանգությունը’’ կվերանայի իր մասնակցությունն այդ կեղծ եվրոպական կազմակերպության մեջ:
Հիշեցնենք, որ Մարտենսը ասել էր.
՛՛Ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ես մեկնեցի Երեւան եւ հանդիպեցի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նա շատ քաղաքավարի էր, եւ ամեն բան կարգին էր։ Դիտորդների գնահատականները շատ հստակ էին՝ այս ընտրություններում իրական առաջընթաց կար։ Իհարկե, ոչ բոլոր բարեփոխումներն էին իրագործվել, բայց առաջընթացը հսկայական էր, եւ ես կարծում եմ ՝ճիշտ չի լինի ասել, թե այս ընտրությունները կեղծված էին։ Կարծում եմ՝ Հայաստանի նախագահը իսկապես եւ ճիշտ ձեւով ընտրվել է:
Միգուցե Սերժ Սարգսյանի մրցակիցը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է քվեների ոչ թե իր ակնկալած 20 տոկոսը, այլ շատ ավելին՝ 37 տոկոս, եւ գուցե հիմա նա պատրանքներ ունի, թե կարող էր ստանալ մեծամասնությունը, սակայն սրանք իրական փաստեր չեն։ Իրականությունն այն է, որ ընտրությունների առաջին փուլում ձայների մեծամասնությունը ստացել է գործող նախագահ՛՛: