Եկեղեցին շփոթում են սոցապնախարարության հետ
Պապ թագավորը որոշ տարաձայնություններ է ունեցել Ներսես Մեծ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Կարծիք կա, որ տարաձայնությունների պատճառներից մեկն էլ աղքատանոցների և անկելանոցների առկայությունն էր, որովհետև ըստ թագավորի` բազում մարդիկ ընկնում էին անհոգության մեջ և ծուլության մատնվում: Այսօր շատ մարդիկ Եկեղեցին հաճախ շփոթում են սոցապնախարարության հետ:
Ոմանք ասում են. «Ինչո՞ւ Եկեղեցին ինձ նյութապես չի օգնում»: Պետք է բոլորս էլ իմանանք, որ Եկեղեցին առաջին հերթին զբաղվում է մարդու հոգուն և ոչ թե մարմնին վերաբերող հարցերով: Սակայն, ինչ խոսք, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Եկեղեցին միշտ էլ պետք է օգնության ձեռք մեկնի նաև նյութական իմաստով: Հիսուս Քրիստոս Պետրոս առաքյալին երեք անգամ հարցրեց` սիրո՞ւմ ես ինձ, և դրական պատասխան ստանալուդ հետո ասաց’ հովվիր Իմ հոտը:
Ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու` Քրիստոս սրանով ցույց տվեց հոտը հովվելու երեք ձևերը, որոնք նախ վերաբերում են թեմի առաջնորդ եպիսկոպոսներին: Եպիսկոպոսներն առաջին հերթին պետք է նյութական օգնություն ցույց տան իրենց թեմի կարիքավորներին ծւսյրահեղ անհրաժեշտության դեպքում, որովհետև բոլորի համար անխտիր հոգալը հնարավոր չէ և վտանգ կա, որ մարդիկ կընկնեն ծուլության ու անհոգության մեջ` ցանկանալով ապրել ուրիշների հաշվին:
Այսօր էլ շատ մարդիկ ենք տեսնում, ովքեր մուրացկանի հոգեբանություն են ձեռք բերելով և ծուլության մեջ ընկնելով` մուրացկանությունը դարձրել են մասնագիտություն կամ էլ փող վաստակելու հեշտ ճանապարհ` այսինքն` շատ դեպքերում մուրացկանությունը ոչ թե աղքատություն է, հոգեբանություն կամ էլ նույնիսկ հոգեկան հիվանդություն:
Երկրորդ` եպիսկոպոսը պետք է հոգա իր թեմի մարդկանց հոգևոր պետքերը: Եվ երրորդ` եպիսկոպոսը պետք է իր կյանքով ու գործերով մյուսների համար օրինակ լինի: Եթե Եկեղեցին ավելի շատ զբաղվի նյութական պետքերով, ապա դրանով կխախտի նաև Քրիստոսի պատվիրանը, որն ասում է « հոգս մի արեք ձեր հոգու համար, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք, և ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք, որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում: Նախ խնդրեցեք Աստծո արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մաստ. Ն 25, 32, 33): Եկեղեցուց նյութական օգնություն ակնկալելուց առաջ նախ ինքներս մեզ անկեղծորեն մի հարց տանք.
«Փնտրե՞լ ենք արդյոք ամենից ա ռաջ Աստծո արքայությունն ու արդարությունը»: Եթե ոչ, ուրեմն հետևենք Քրիստոսի այս կոչին և հաստատապես պիտի համոզվենք, որ Աստված երբեք չի ստում:
Ադամ քահանա Մակարյան
Քրիստոնեության իսկությունը