Մայր աթոռից “հորդոր տիար Րաֆֆի Հովհաննիսյանին”
Մայր աթոռը հայտարարություն է տարածել վերջին քաղաքական զարգացումների առնչությամբ, որտեղ նշվում է.
“Հետեւելով հետընտրական զարգացումներին եւ դրանց ընթացքում կատարուած մեկնաբանութիւններին` հարկ ենք համարում նշել հետեւեալը:
Բարձր ենք գնահատում մեր ժողովրդի ողջամտութիւնը, որ դարձաւ երաշխիքը ընտրութիւնների խաղաղ եւ քաղաքակիրթ կազմակերպման եւ իրականացման:
Նկատի առնելով ՀՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի, դիտորդական առաքելութիւնների զեկոյցներն ու գնահատականները, ինչպէս նաեւ այլ տեղեկատուական նիւթերը` Մայր Աթոռ Ս. Էջմիածինը յստակ արտայայտել է իր կեցուածքն ընտրութեան արդիւնքների վերաբերեալ եւ անընդունելի է նկատում, երբ փորձ է արւում այսօր քաղաքական շահարկումների թիրախ դարձնել Ս. Եկեղեցին, Հայոց Հայրապետին եւ անգամ ՀՀ նախագահի երդման արարողութեանը գործածուող Վեհամօր Աւետարանը:
Մեծի պահոց այս շրջանում մեր ժողովրդի զաւակներին հրաւիրում ենք աղօթքի եւ կոչ ուղղում առաջնորդուել եղբայրսիրութեան ու համերաշխութեան ոգով` զերծ մնալով անհանդուրժողականութեան եւ ատելութեան դրսեւորումներից:
Յորդորում ենք նաեւ Տիար Րաֆֆի Յովհաննիսեանին` դադարեցնել հացադուլը եւ ընտրել քաղաքական պայքարի առաւել կառուցողական միջոցներ: Եկեղեցին չի արդարացնում հացադուլը, քանզի այն աստուածատուր կեանքին սպառնացող գործողութիւն է”: