Երիտասարդ գիտնականները կմեկնեն
Չորս երիտասարդ գիտնականներ առաջիկա ամիսներին ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող “Աջակցություն երիտասարդ գիտնականներին՚” ծրագրի շրջանակներում և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կմեկնեն միջազգային գիտական գործուղումների։
Մասնավորապես, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահ Գարիկ Եգանյանը մարտի 21-ին Մոսկվայում կմասնակցի Պիրոգովյան ուսանողական միջազգային 8-րդ գիտաժողովին։ Գարիկ Եգանյանը հանդես կգա զեկույցով։
Պիրոգովյան միջազգային ուսանողական գիտաժողովում երիտասարդ հետազոտողները ներկայացնում և քննարկում են իրենց կողմից կատարված հետազոտական աշխատանքների արդյունքները։ Հայաստանը միջազգային այս գիտաժողովին մասնակցում է առաջին անգամ։ Գործուղման ընթացքում նախատեսված են նաև Գ. Եգանյանի հանդիպումները Ռուսաստանի ազգային բժշկական հետազոտական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահի հետ։
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ասպիրանտուրայի բաժնի առաջատար մասնագետ Գոհարիկ Մարտիրոսյանն ապրիլի 2-4-ը ներկա կլինի Մոսկվայում անցկացվելիք “Տնտեսության և հասարակության արդիականացում” խորագրով 14-րդ միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովը համատեղ կազմակերպել են “Տնտեսագիտության բարձրագույն դպրոց” ազգային հետազոտությունների համալսարանը, Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը։
Գոհարիկ Մարտիրոսյանը գիտաժողովին կներկայացնի “Համայնքների տնտեսության մեջ ներդրումների գրավչության բարձրացման ուղիները” զեկույցը։
ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի աշխատակցուհի Աննա Գյուլխանդանյանն ապրիլի 24-26-ը Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում կմասնակցի ՙՄիկրոտեխնոլոգիաներ-2013՚ խորագրով գիտաժողովին, որը կազմակերպել է Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային միությունը։ Աննա Գյուլխանդանյանը կներկայացնի ՙՊորֆիրինների կոմպլեքսագոյացումն արծաթե նանոմասնիկների հետ՚ զեկույցը։
Երևանի պետական համալսարանի ավագ գիտաշխատող Կարեն Ղազարյանը հունիսի 23-26-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կմասնակցի IJAS-ի կազմակերպած միջազգային համանուն գիտաժողովին։ Գերմանիայում Կարեն Ղազարյանը կներկայացնի իր կողմից կատարվող գիտական աշխատանքները։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն