Առանց կոռուպցիոն ռիսկերի
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը դիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Նիստում քննարկվել են Հայաստանում սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համապարփակ գործընթացի վերջին զարգացումները:
Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշել է. “Մեկ ամիս հետո Հայաստանում մեկնարկում են լայնածավալ շինարարական աշխատանքներ Բագրատաշեն, Բավրա եւ Գոգավան հատվածներում, որի վերջնական արդյունքում, միջազգային լավագույն փորձի ներդրմամբ` մենք կունենանք Եվրամիության Դեղին գրքի պահանջներին համապատասխան ժամանակակից սահմանային ենթակառուցվածքների գործունեություն, պետական սահմանի կառավարման ոլորտում ներգրավված պետական մարմինների վարչական կարողությունների հզորացում, տեխնիկական վերազինում: Սակայն գեղեցիկ շենքերի եւ տեխնիկական հագեցվածության հետ մեկտեղ, պետք է ունենանք նաեւ նույնատիպ բովանդակություն: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, իսկապես, մեր երկրում հասունացել է մի լուրջ փաստաթղթի մշակում, որը հնարավորություն կտա օպտիմալացնել պետական սահմանի 6 գերատեսչությունների աշխատանքը: Դա նշանակում է բյուրոկրատական քաշքշուկների վերացում, կոռուպցիոն ռիսկերի նվազում: Դա նաեւ նշանակում է, որ այդ պետական մարմինների գործառույթները պետք է վերապահվեն ավելի սահմանափակ թվով պետական մարմինների, որպեսզի քաղաքացիները եւ գործարարները հնարավորություն ունենան առաց անհարկի դժվարությունների հատել սահմանային անցակետերը”:
Ներդրվելու է հստակ ժամային սահմանափակում, թե քաղաքացու` անցակետով անցնելու համար, բեռը անցնելու համար, առավելագույնը քանի րոպե է տրամադրվելու: Այդ ամենը վերահսկվելու է միասնական համակարգի միջոցով: Եթե լինեն ժամային խախտումներ, այլ ձգձգումներ, ապա համակարգը ահազանգ է հնչեցնելու:
Արթուր Բաղդասարյանի խոսքով. “Աստիճանաբար հասնելու ենք նրան, որ ծառայողական քննություններ անցկացվեն, թե ինչու են տեղի ունեցել անհարկի քաշքշուկներ, ձգձգումներ: Պետք է ամեն ինչ արվի մեր քաղաքացիների արդարացի դժգոհության վերացման համար “:
Արթուր Բաղդասարյանը հավելել է, որ զարգացումները թույլ են տալիս պնդելու, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ողջ երկայնքով իրականացվող միջոցառումներն էլ ավելի կբարձրացնեն ու կամրապնդեն Հայաստանի սահմանային անվտանգությունը:
Այս ծրագրի լիարժեք կենսագործումը կնշանակի կոռուպցիոն ռիսկերի կտրուկ նվազեցում կամ վերացում, մաքսանենգության դեմ պայքարի մեխանիզմների կատարելագործում, բեռների եւ քաղաքացիների առավել արագ եւ ազատ տեղաշարժ, բյուրոկրատական քաշքշուկների եւ ավելորդ թղթատարության վերացում:
ՀՀ սահմանային անվտանգության ապահովման ռազմավարությունից բխող 2011-2015թթ. ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել միջգերատեսչական հանձնաժողովի անդամները: