Սերժ Սարգսյանը կգնա՞ Ազատության հրապարակ. Րաֆֆին ՕԵԿ չի՞ դառնա
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը վստահ է, որ ՛՛Ժառանգությունն՛՛ ու ՀՀԿ-ը նույն դաշտից են ու նույն թիմում: ՛՛Երկուսն էլ պատկանում են նույն արժեհամակարգին, նույն դաշտից են ու նույն թիմում են:
Երկուսն էլ ԵԺԿ անդամ են, ինձ համար զարմանալի է, որ իրենց բավական սրված վեճը չեն տեղափոխում ինտերնացիոնալ դաշտ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին պատգամավորը:
Հարցին` ինչով է ավարտվելու ՛՛Ժառանգութան՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը և ընդհանրապես ամբողջ պայքարը, Արշակյանը պատասխանեց. ՛՛Կամ կհամագործակցի իշխանության հետ, կուսակցականներին հնարավորություն կտա անել կարիերա:
Ի վերջո պաշտոն վերցնելը քաղաքական ծրագրերի իրականացման լծակ է: Նրանց համագործակցությունը կարող է շատ օգտակար լինել՛՛:
Իսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը չհամագործակցեն, նախագահն, ըստ Արշակյանի, պետք է այլ դաշնակից գտնի բարեփոխումների ծրագրերն իրականացնելու համար: ՛՛Րաֆֆի Հովհաննիսյանը եթե չի համագործակցում, քաղաքական դաշտը լքած ուժերը կվերադառնան քաղաքական ասպարեզ, Հովհաննիսյանի տարածքը կսեղմվի՛՛,-նկատեց նա:
Դիտարկմանը, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էլ համագործակցեց, որ նրան բոլորը քննադատեցին, նախկին պատգամավորն արձագանքեց. ՛՛Բայց արդյո՞ք Արթուր Բաղդասարյանն ու ՕԵԿ-ը ջանքեր թափեցին, որ իրենց ծրագրերն իրագործեն՛՛:
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը վստահություն հայտնեց, որ Սերժ Սարգսյանը գնալու է ՛՛Ազատության՛՛ հրապարակ ու համագործակցություն է առաջարկելու Րաֆֆի Հովհաննիսյանին:
՛՛Կանխատեսելի է, որ Սերժ Սարգսյանը կգնա հրապարակ: Արդեն փորձարկեց դա Վովա Գասպարյանի վրա, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը կոմպրոմիսի շեմը հստակ դրել է, դա արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Նախագահը ստիպված է լինելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել՛՛,-կարծում է Հմայակ Հովհաննիսյանը: