Մի համալրեք այդ շարքը. Զարուհին հորդորեց ՍԴ անդամներին
“Ժառանգության” պատգամավոր, ՍԴ-ում նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը չի մեկնաբանում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի եւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի այն դիտարկումները, թե Սահմանադրական դատարան ներկայացված դիմումները զուրկ են փաստական հիմքերից:
Զարուհի Փոստանջյանն ասում է, որ փաստական հիմքերն այն են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ներկայացված որեւէ դիմումի ԿԸՀ-ն ընթացք չի տվել: ‘’ԿԸՀ-ն լիզորված է ինքը իր նախաձեռնությամբ կասկածներ ունենալու դեպքում վարչական վարույթ հարուցել: Դուք տեսաք, թե քանի վարույթ է հարուցվել, այն էլ` նախընտրական շրջանում:
Հետեւաբար այս մասսայական անվստահության մթնոլորտում այդ ինչպե՞ս է ստացվում, որ ԿԸՀ-ն գեթ մեկ դիմումի դեպքում ինքն իր նախաձեռնությամբ չի ցանկանում պարզելու, թե ինչ է տեղի ունեցել նման լիազորություններ ունենալով’’,-ասաց Փոստանջյանը` հավելելով, որ նույն անգործությունը նաեւ տեղամասային հանձնաժողովներն են դրսեւորում:
Զարուհի Փոստանջյանն ասաց, թե տեղամասային հանձնաժողովների նախագահներին ԿԸՀ հանձնարարությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի որեւէ դիմումի ընթացք չի տրվել:
Պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե արդյո՞ք ՍԴ-ն կօգտագործի այն շանսը, ինչի մասին Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը ներկայացնելիս խոսել էր “Ժառանգության” մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, Զարուհի Փոստանջյանն ասաց.
’’Կյանքում բոլոր մարդկանց, այդ թվում այս դատարանի դատավորներին տրվում է շանս դրսեւորել պատշաճ վարքագիծ: Այդ շանսը պետք է ցանկացած մարդ օգտագործի, իսկ տվյալ դեպքում, երբ խոսքը հայ ժողովրդի, մեր երկու պետությունների համար ճակատագրական պահի մասին է, ՍԴ-ն այդ շանսը պետք է օգտագործի’’:
Զարուհի Փոստանջյանի խոսքով, հակառակ դեպքում ՍԴ-ն եւս համալրելու է ‘’հանցագործների շարքը’’:
‘’Չբացվող պարկեր չկան, չբացահայտված հանցագործություններ չկան, երբեւիցե դա տեղի է ունենալու’’,-հավելեց Զարուհի Փոստանջյանը` հորդորելով ՍԴ անդամներին.
’’Մի համալրեք այդ շարքը’’: