Ինչ զորություն ունի խաչը մեր կյանքում
Խաչը փոխաբերական իմաստով դարձել է նաև մեղքերից ազատվելու ճանապարհ: Երբ մարդը հրաժարվում է մարմնի ստոր, բայց հույժ ցանկալի կրքերից, իրեն չարչարանքների է մատնում` կարծես ինքն իրեն խաչելով: Սակայն այս նեղ ճանապահը հետագայում դառնում է քաղցր և ցանկալի: Մեր եկեղեցու սրբերից Գրիգոր Տաթևացին ասում է, որ սատանան տարբեր չար սերմեր է ցանում մարդկանց մեջ:
Թագավորների և իշխանավորների մեջ սերմանում է գոռոզություն, նախանձ և կռիվ, վաճառականների մեջ` խաբեություն, արհեստավորների մեջ` ստախոսություն, որպեսզի վատ գործը գեղեցիկ ցույց տան և լավ գնով ծախեն, որովայնամոլների մեջ` հարբեցողություն, կանանց մեջ պճնասիրություն, որպեսզի մարդկանց հոգիները գերեն և մատնեն սատանային, շատ կանանց մեջ կա շատախոսություն, որպեսզի հատկապես եկեղեցում զրուցեն ու աղմուկ հանեն և այլն:
Սակայն այս ամենի մեջ ամենամեծ մեղավորը մենք ենք, որ ցանված մեկ սերմի դիմաց բազում անգամ պտուղներ ենք տալիս եվ ահա եկեղեցում կարգված Սուրբ Խաչի տոները մեգ դարձյալ հիշեցնում են խաչով փրկվելու անհրաժեշտությունը, ինքներս մեզ խաչելը, այսինքն` մեր ստոր մտքերից ու ձգտումներից մեծ ջանքերի գնով հրաժարվելը:
Կենաց ծառ
Քրիստոսի Խաչը համեմատում են նաև կենաց ծառի հետ, որբ դրախտի մեջտեղում էր (Ծննդ. 2.9): Դրախտի կենաց ծառը Խաչն է, իսկ դրա պտուղը` Քրիստոս, այսինքն` կենաց ծառը խորհրդանշում էր Խաչը, որի պտուղը Քրիստոսի Մարմինն է` որպես Հաղորդություն, որի ճաշակմամբ մարդն ընթանում է դեպի հավիտենական կյանք: Կենաց ծառ արտահայտությունը փոխաբերական այլ իմաստներով գործածվում է նաեւ Աստվածաշնչի Առակաց գրքում և Հովհաննու Հայտնության մեջ (Առակ 3. 18, 11.30, 13.12, 15.4, Հայտն. 2.7, 22.2):
Խաչի նշանի զորությունն ու խորհուրդները
Մենք խաչապաշտ ժողովուրդ ենք, բայց քանի որ Աստվածաշունչն արգելում է բացի Աստծուց որևէ առարկայի պաշտամունք, երկրպագություն մատուցելը, պետք է իմանանք, որ խաչ ասելով` մենք միշտ նկատի անենք Խաչը Խաչեցյալ, բայց միևնույն ժամանակ նաև Հարուցյալ Քրիստոսի հետ միասին, և մեր խաչապաշտությունը հենց քրիստոսապաշտությունն է: Այս իմաստով խաչը որպես Քրիստոսի խորհրդանիշ, գործածվում է հատկապես եկեղեցիների շինարարության ժամանակ, երբ եկեղեցու գմբեթին խաչ են հաստատում: Գմբեթի խաչը Քրիստոսի և եկեղեցու միասնությունն է ցույց տալիս, նաև Քրիստոսի` եկեղեցու գլուխ լինելը:
Եկեղեցական Կանոնագիրքը կարևորում է նաև տարբեր նյութերից պատրաստված փոքրիկ խաչերի հանդեպ հարգանք ունենալը: Ըստ կանոններից մեկի` եթե հավատացյալը տեսնում է անհավատի ձեռքին այդպիսի մի խաչ անարգվելիս, պետք է ամեն գնով այն ետ վերադարձնի, այլապես նզովյալ կհամարվի: Սա նաև հիշեցնում է Քրիստոսի խաչափայտի գերվելն ու դրա ետ վերադարձվելը յոթներորդ դարում: Հետաքրքրական է, որ ըստ ութերորդ դարի մեր Կաթողիկոսներից Հովհան Օձնեցու համապատասխան կանոնի` հատուկ հարգանքի արժանի են միայն օրհնված եւ օծված խաչերը, որովհետեւ նրանց վրա կա Սուրբ Հոգու զորությունը եւ դրանք մարդկանց պահպանություն եւ մարմնի եւ հոգու ախտերի բժշկություն են բերում:
Ադամ քահանա Մակարյան
Քրիստոնեության իսկությունը
Շարունակելի