Ադրբեջանի համար սկսվել է սահուն անկման փուլը. Հայկ Դեմոյան
Շփման գծում ապրիլի 2-ին տեղի ունեցածը բացարձակ արկածախնդրություն էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից, որն ուներ թե ներքին, թե արտաքին պատճառներ:
Արմենպրեսի փոխանցմամբ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքով՝ արտաքին ճակատում Ադրբեջանի դեմ կիրառվում են պատժամիջոցներ, իսկ տեղեկատվական հոսքերը զարգանում են ոչ հօգուտ Ադրբեջանի: Մյուս կողմից՝ ներքին ճակատում Ալիևյան վարչակարգը լուրջ խնդիրներ ունի, որ կապված են սոցիալական լարվածության, մանաթի կտրուկ անկման և այլ գործոնների հետ: Դա վկայում է մեկ կարևոր իրողության մասին. քաղաքագիտական տեսանկյունից հստակ կարելի է ասել, որ «նավթային մեղրամիսը» մոտենում է ավարտին: «Հակառակորդի համար սկսվում է մի նոր փուլ, որն Ադրբեջանական պետության դանդաղ, սահուն, բայց միանշանակ անկման ռեժիմն է: Ակնհայտ է,որ հակառակորդը կրել է ռազմական պարտություն՝ չհասնելով ռազմական օպերացիայից առաջ սպասվող նպատակին»,- նշեց Դեմոյանը: Ըստ նրա՝ Հեյդար Ալիևը ընդունեց կապիտուլյացիան Բիշքեկում,իսկ նրա որդի Իլհամ Ալիևը՝ Թվիթերում:
Մասնագետը շեշտեց, որ միայն հայ զինվորների ու սպայական կազմի հերոսական դիմադրությամբ էր հնարավոր տապալել հակառակորդի հարձակումները: «Արդեն երկուշաբթի օրվա վերջում պարզ էր, որ ադրբեջանական կողմի գործածած զենքը վկայում է խուճապային տրամադրության և ռազմական տհասության մասին »,- ընդգծեց փորձագետը: Դրանից զատ՝ հստակ երևաց, թե Ադրբեջանից դուրս որտեղ են գտնվում տեղեկատվական կրակակետերը. մեծ մասը Ռուսաստանից վճարովի քաղաքագետներն են: Նրանք հատուկ պատրաստված են և նույնիսկ պարտության դեպքում պետք է ադրբեջանական բանակի ու ղեկավարության գովքը կապեն: Հայկը Դեմոյանը կարծում է, որ ամենալուրջ և հուժկու հարվածը ադրբեջանական կողմին հասցրեց CNN հեռուստաալիքը՝ Մամեդյարովին հրավիրելով հաղորդմանը: «Դա ծուղակ էր, ինչը պարզ գարձավ լրագրողի երկրորդ հարցից հետո՝ կապված պանամյան թղթերի հետ: Այս քայլը ազդանշան հանդիսացավ Ադրբեջանի համար, որ արտաքին ճակատում տեղեկատվական բլոկը շռնդալից կերպող տապալվել է»- հավելեց նա: Դեմոյանը ենթադրում է, որ առանց Թուրքիայի գիտության Ադրբեջանը չէր գնա նման քայլի, սակայն փաստ է, որ ադրբեջանական կողմի առաջին զոհերը կամ շեհիդները թուրքական «արտադրության» էին, այսինքն՝ անցել էին ռազմական պատրաստվածություն թուրքական ուսումնարաններում և հատուկ ռազմաբազաներում: Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը հակված է ահաբեկչության ինչպես հայկական, այնպես էլ իր իսկ բնակչության հանդեպ: Այն նաև ցեղասպանական ակնհայտ պոտենցիալ ունեցող երկիր է:
«Այնուամենայնիվ, ՀՀ և ԼՂՀ պետք է համատեղ և հստակ հայտարարեն, թե որոնք են մեր անելիքները: Ռազմական գործողություններն ու շփման գծում ստեղծված իրադրությունը պարտադրում են, որ հայկական կողմը պատժի հակառակ կողմին, որը մեր դեմ կիրառեց անթույլատրելի զինատեսակներ, ինչի արդյունքում խաղաղ բնակչության շրջանում եղան զոհեր, ինչպես նաև իրականացրեցին ռազմական հանցագործություններ»,- ավելացրեց նա:Ստեղծված ռազմական իրավիճակում հայկական կողմի ամենամեծ առավելությունը շատ արագ իրականացված մոբիլիզացիան էր: Դա վճռական ազդանշան եղավ Ադրբեջանի ու ողջ աշխարհի համար, որ նմանատիպ էժան քայլերով մեզ հնարավոր չէ ոչ վախեցնել, ոչ էլ մղել զիջումների: Դեմոյանը նշեց, որ հայության համախմբումը անվտանգության գիտակցության բարձր մակարդակի ամենամեծ վկայությունն էր:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե շփման գծում հնարավոր է խաղաղապահների տեղակայումը, Դեմոյանն ասաց, որ ամենամեծ խաղաղապահը դիրքերում հայ զինվորն է: