17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչ է ասում Աստվածաշունչը հոգու գոյության մասին

Տարբեր կրոններ պնդում են, որ մարդու հոգին վերամարմնավորվում է տարբեր մարմինների մեջ: Ոմանք ասում են, թե հոգին առաջանում է մարմնի ձևավորվելուց հետո, ոմանք էլ դրանից առաջ: Սակայն ճշմարիտ քրիստոնեական տեսակետի համաձայն, որը նշում է նաև Սուրբ Գրիգոր Նյուսացին, ինչպես ցորենի սերմի մեջ կա ցողունը, հասկը, պտուղը և այն ոչ հետո է ոչ էլ առաջ, այդպես էլ հոգին է մարդու մեջ պտղավորման ժա­մանակ:

Հոգու գոյությունը հնուց ի վեր ապացուցել են հետևյալ օրինակնե­րով: Օգտագործողը և օգտագործվողը տարբեր են, ինչպես, օրինակ, կոշկակարն ու իր գործիքները նույնը չեն, նույնպես երաժիշտը և իր երաժշտական գործիքը նույնը չեն, նրանք պարզապես օգտվում են իրենց գործիքներից: Նույն կերպ մարդը քայլելու համար օգտվում է իր ոտքերից, բռնելու համար` ձեռքերից, տեսնելու համար` աչքերից և այլն, եւ եթե օգտագործորլը և օգտագործվողը նույնը չեն, ուրեմն նաև մարդը իր մարմինը չէ, որովհետև մարդն օգտվում է իր մարմնից:

Նույնպևս առարկաները իրենք իրենց չեն շարժվում, այլ շարժվում են մեկ ուրիշի ագդեղությամբ: Այսպես և մարդը շարժվում է հոգու ուժով: Պյութագորյանները ուսուցանում էին, որ հոգին բանտարկված է մարմնում, և հին փիլիսոփաներն ասում էին, որ մարդը հոգին է, որ փակված է մարմնում և ագատություն է գտնում մահից հետո` դուրս գալով մարմնից: Պյութագորյանների այս ուսմունքն արտահայտված է նաև Պլատոնի ստեղծագործություններում:

Պլատոնը հունարեն մարմին` սոմա բառը ստուգաբանում է հեւեւյալ կերպ: Այն առաջացել է սեմա-գերեզման կամ գերեզմանաքար բառից, ցույց է տալիս, որ մարմինը հոգու զնդանն է, և մարմնի մահով հոգին ազատություն է գտնում: Սեմա բառը, որից, ըստ Պլատոնի, առաջացել է սոմա` մարմին բառը, նաև արտահայտում է նշան իմաստը, այսինքն` հոգի մարմնով, որպես թե նշանով, ցույց է տալիս այն, ինչ իրեն պետք է արտահայտել: Եվ քանի որ մարմինը դիտարկվում էր որպես հոգու բանտ կամ գերեզման, հույները, որ ուշադրությամբ լսում էին Պողոսի ճառը Արիսպագոսում, սկսեցին ծաղրել, երբ առաքյալը խոսեց հարության մասին (Գործք 17.32):

Ծաղրի պատճառն այն էր, որ հարությունը ամենահիմար բանն էր հույների համար, քանի որ մարդը, ազատվելով իր բանտից, չի վերադառնա այդ բանտը: Քրիստոնեությունը սովորեցնում է, որ մարդը միայն մարմինը չէ կամ միայն հոգին չէ, այլ այս երկուսի միավորություն և սա ապացուցում է առաջին հերթին ոչ թե փիլիսոփայական հիմնավորումներով, այլ պատմական եղելությամբ:

Երբ Քրիստոս Հարությունից հետո հայտնվեց աշակերտներին վերնատանը, ասաց. «Տեսեք Իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետև նույն Ինքն Ես եմ. շոշափեցեք Ինձ և տեսեք, որովհետև ոգին մարմին և ոսկորներ չունի, ինչպես տեսնում եք, Ես ունեմ» (Ղուկ. 24.39): Քրիստոնեությունն ուսուցանում է, որ ինչպես սերմի հատիկը, հողի մեջ ընկնելով, վեր է հառնում այլ` կատարյալ մարմնով (Հովհ. 12.24, Ա Կորնթ. 15.37-38), այդպես էլ բոլոր մարդիկ ընդհանրական հարության ժամանակ ելնելու են գերեզմաններից` հոգիները միացած մարմիններին, հարություն են առնելու կատարյալ մարմիններով ( Թեսաղ. 4.15, Ա Կորնթ. 15.42-44, 53):

Ադամ քահանա Մակարյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ