Սկսեց գլխավոր Արծիվը
Մարտի 8-ը գարնան թարմությամբ կրկին ազդարարում է ձեր բնատուր նվիրվածության, անհատնում սիրո, ընտանիքի հոգսը ձեր փխրուն ուսերին անտրտունջ տանելու խոհեմության, ձեր տղամարդկանց մեջ ուժ, արիություն ներարկելու, նրանց հայրենիք վստահելու, ձեր որդիներին ազգային գենի հիշողությունը գիտակցորեն ավանդելու և ի վերուստ ձեզ տրված բազում շնորհները արժանիորեն վերագնահատելու անհրաժեշտության մասին:
Դուք` հարգարժա´ն կանայք և աղջիկներ, Աստվածամորից ժառանգեցիք տիեզերական հրաշքը` ձեր զավակներին, լույս ափերով հովանավորելու և ցեղի տեսակը հավերժություն տանելու դժվարին առաքելությունը: Ձեր ոգու զորությամբ սերնդեսերունդ փոխանցեցիք մեր հերոսական լեգենդներն ու ասքերը` ձեր զավակներին օժտելով արծվի թռիչք ու վեհության ուժ:
Ազգը մարմին է, լեզուն` ոգի: Անցյալից է գալիս այս իմաստնությունը: Այդ ոգին առաջինը դուք դրեցիք ձեր զավակների էության մեջ, և նրանց թլոլ շուրթերին ծաղկեց մայրենին ու կոչվեց մայրենի լեզու:
Ձեր քնքուշ մատներով փայփայեցիք հողը, նրանով սնեցիք ձեր զավակներին ու իրենցով` հողը, և այն կոչվեց մայր հող:
Մեր նախնիները վաղ անցյալում կնոջ պաշտամունքի առջև խոնարհումով ստեղծեցին` առաքինության, զգաստության ու պտղաբերության աստվածուհի Անահիտին, ռազմի, իմաստնության ու ողջախոհության աստվածուհի Նանեին, սիրո, գեղեցկության ու ջրերի աստվածուհի Աստղիկին, ջրային ոգի Ծովինարին:
Դարերը սրբագործեցին անցյալը: Այսօր ձեր ոգու խորանը, կենսական ուժը, ձեր շուրթերին հնչող պահապան աղոթքի առաջին աղերսը Մայր Աստվածուհին է, և թող անպակաս լինի Աստվածամոր պահապան լույսը ձեր օջախներից:
Դուք եղել եք հայոց թագուհիներ ու թագադրվել այլ ազգերի գահերին` Կիևյան Ռուսիայից մինչև Բյուզանդիա և այլուր:
Դուք զինվոր էիք պատմության քառուղիներում` Արծվիկից մինչև Սոսե, մինչև արցախյան ազատամարտի հերոս կանայք, ծաղկող` արվեստի մեջ, բժիշկ ու գիտնական …
Ի՞նչ կլիներ կյանքն առանց ձեզ …
Շնորհավոր ձեր տոնը, արժանապատի´վ կանայք ու աղջիկներ: Եղե´ք առողջ, երջանիկ, հմայիչ ու միշտ առինքնող:
Խորին հարգանքով` “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան