14 տարի` դաժան սպանության համար
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 14 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել 30-ամյա կապանցի Կարեն Նավասարդյանին: Վերջինս առանձնակի դաժանությամբ, անցած տարվա մայիսին սպանել է Կապանի քաղաքի 85-ամյա Հրանտ Ծատուրյանին: Ըստ Սյունիքի մարզի դատախազության, դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Կարեն Նավասարդյանը օգտվել է Ծատուրյանի միայնակ բնակվելու եւ տարեց լինելու հանգամանքներից:
Վերջինիս բնակարանում բռունցքներով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին, իր մոտ եղած դանակով ֆիզիկական տառապանքներ պատճառելու նպատակով մի շարք հարվածներ է հասցրել գլխին, այնուհետեւ` առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ շարունակել է բռունցքներով եւ ոտքերով հարվածները` կոտրելով Ծատուրյանի վեց կողոսկրերը եւ պատճառելով գանգուղեղային փակ տրավմա: Ծատուրյանը տեղում մահացել է:
Նշենք, որ Նավասարդյանը 3 անգամ դատապարտված է եղել: