Ինտրիգներով հարուստ` վերջինը
Թերթն անդրադարձել է` մարտի 12-ին Մոսկվայում կայանալիք Սարգսյան-Պուտին հանդիպմանը` մանրամասն վերլուծելով հանդիպման հնարավոր սցենարը եւ դրա հետեւանքները:
“Սա դեռեւս չերդված նոր նախագահի եւ պաշտոնավարման ժամկետն ավարտող հին նախագահի համապատասխանաբար առաջին եւ վերջին հանդիպումն է ռազմավարական գործընկերոջ հետ, հետեւաբար բազմաթիվ ինտրիգներ ունի իր մեջ:
Հիշեցնենք, որ Պուտինը մեծ տերությունների ղեկավարներից առաջինն էր, որ շնորհավորել էր Սարգսյանին վերստին նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Առաջիկա մոսկովյան հանդիպումը նախանշային լինելով հանդերձ՝ կարող է ծանր լինել նախագահ Սարգսյանի համար, քանի որ անգամ շնորհավորանքներում մեծ տերությունների շահերի բախում նկատողները ճիշտ են՝ Հայաստանը շարունակում է մնալ իր հարաբերությունները մեծ տերությունների հետ կարգավորելու ընթացքում նրանց շահերը գոնե Հայաստանի մասով հավասարակշռելու սիզիփոսյան շատ դժվար աշխատանքն իրականացնողի դերում։
Նախընտրական շրջանում ՌԴ մի շարք առանցքային պաշտոնյաների այցերը Հայաստան հատկապես ակամա բացահայտում էին այս երկրի շահագրգռությունը հայաստանյան ընտրությունների՝ իրենց ցանկալի արդյունքի մասով։
Մեր մամուլին, ի դեպ, խիստ անհանգստացրել էր մարտի մեկին ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայում ոչ անհայտ գեներալ, ՌԴ դեսանտային զինուժի հրամանատար Վլադիմիր Շամանովի այն արտահայտությունը, թե ՀԱՊԿ անդամ երկրներում (գեներալը տվել էր Հայաստանի, Կիրգիզիայի եւ Տաջիկստանի անունը) ճգնաժամերը արդյունավետ հաղթահարելու համար ՌԴ դեսանտային զորքերը պատրաստ են:
Ի դեպ, անցած աշնանը մենք օրենսդրորեն այդպիսի հնարավորություն ընձեռել ենք ՀԱՊԿ-ին, ու այն ժամանակ ոչ ոք չէր լսում այս հնարավորությունը նախատեսող համաձայնությանը դեմ խոսող հատուկենտ պատգամավորների (օրինակ՝ Ալիկ Արզումանյանի) հակափաստարկները, թե այդպիսի հնարավորության ընձեռումը հարված է երկրի ինքնիշխանությանը։
Հավանաբար նախագահ Սարգսյանը Պուտինին պետք է բացատրի, որ Հայաստանում այդպիսի իրավիճակը բացառվում է, անկախ այն բանից, որ հանրահավաքներ են, եւ մենք ինքներս կարող ենք մեր ներքին խնդիրներն առանց բարդացումների կարգի բերել։
Հավանաբար նորից հարկ կլինի հստակեցնել Հայաստանի դիրքորոշումը Եվրասիական եւ Մաքսային միությունների մասով։ Ընդ որում՝ այդ այցին ուշիուշով հետեւելու են Միացյալ Նահանգներն ու արեւմտյան մյուս տերությունները, քանի որ այս հարցերը, որոնք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ծանր պահեր ունեն իրենց մեջ, առավել քան հետաքրքրում են Արեւմուտքին:
Իսկ հայերիս անհանգստությունները անգամ այս բոլորի մասին ժողովրդական մակարդակով է արտացոլվում՝ պրոեկտելով դրանք արեւմտամետ-ռուսամետ Ր. Հովհաննիսյան-Ս. Սարգսյան զուգահեռում:
Եվ, վերջապես, ՌԴ-Հայաստան եւ ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում, որոնցում տնտեսական տարրը քանի գնում մեծանում է, երկրորդական չի կարող լինել այն անձը, ով պետք է այդպիսի հարաբերություններ զարգացնի տվյալ պետություններ հետ, այսինքն՝ ապագա վարչապետը: Միգուցե հնարավոր է, որ Պուտինի հետ հանդիպմանը Սարգսյանը նաեւ կտա այդ անձի անունը, ու ՌԴ նախագահը բոլորից շուտ կիմանա, թե ո՞վ է լինելու Սարգսյանի տնտեսական քաղաքականության կրողը։
Սարգսյան-Պուտին հանդիպման պաշտոնական օրակարգը դեռ չի հրապարակվել, սակայն ռուսական աղբյուրներից արտահոսքեր կան, թե քննարկումներում հնարավոր է, որ ներառվեն ե՛ւ Ղարաբաղյան հակամարտության, ե՛ւ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման, ե՛ւ Հայաստանի ներքաղաքական եւ տարածաշրջանային քաղաքական թեմաները, ընդ որում՝ վերլուծաբանները Ստեփանակերտի օդանավակայանի քննարկման հարցը Արցախի՝ գործոն դառնալու փաստի լույսի տակ են դիտարկում, որը, սակայն, մի վտանգ ունի այն առումով, որ ի վերջո կարող է ՀԱՊԿ դեսանտայինների իջեցման վայր դառնալով իրավիճակի սրման պահ առաջացնել”,- գրում է թերթը»։