ԼՂՀ ԱԳ նախարարի հարցազրույցը “Эхо Москвы”-ին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել “Эхо Москвы” ռադիոկայանին, որը հեռարձակվել է ս.թ. մարտի 4-ին: Նա պատասխանել է լրագրող Եվգենի Բունտմանի մի շարք հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման ներկա փուլին ու հեռանկարներին եւ արտաքին քաղաքականության հարցերում ԼՂՀ դիրքորոշմանը:
“Ցավոք, բանակցային գործընթացում մենք չենք կարող արձանագրել այնպիսի առաջընթաց, որ կցանկանայինք տեսնել…Եվ կարծում ենք, առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ Լեռնային Ղարաբաղը, որպես լիարժեք կողմ, ներգրավված չէ բանակցային գործընթացում”,- մասնավորապես, ասել է արտաքին գերատեսչության ղեկավարը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացին, ընդ որում այդ գործընթացի բոլոր փուլերին, հնարավորություն կտա իրական առաջընթաց ապահովել եւ հասնել վերջնական նպատակին՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորմանը:
Կարեն Միրզոյանը նկատել է, որ կա ընդհանուր ըմբռնում այն բանի շուրջ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությունը պետք է անկյունաքարային դերակատարություն ունենա: “Այդ կամքը անպայման պետք է հաշվի առնվի”,- նշել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը:
Պատասխանելով ԼՂՀ ճանաչման հնարավորությունների վերաբերյալ հարցին՝ Կարեն Միրզոյանն ասել է. «Ես վստահ եմ, որ վաղ, թե ուշ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդառնա միջազգային հանրության լիարժեք անդամ»: Ընդսմին նա ընդգծել է, որ ԼՂՀ ճանաչումը թույլ կտա ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորման համար:
Անդրադառնալով հակամարտության կարգավորման հայեցակարգին՝ ԼՂՀ ԱԳ նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի համար անընդունելի է, երբ հակամարտության կարգավորման առանձին տարրեր հանվում են ընդհանուր համատեքստից եւ դիտարկվում միանգամայն այլ՝ բանակցային գործընթացի ընդհանուր ուղղությունից տարբերվող տեսանկյունից:
“Մեր դիրքորոշումը եղել եւ մնում է նույնը. բանակցային գործընթացը, բանակցային սեղանին դրված բոլոր հարցերն անբաժանելի են իրարից, դրանք պետք է քննարկվեն եւ դրանց պետք է լուծումներ տրվեն միաժամանակ”,- ընգծել է Կարեն Միրզոյանը: