Ոտնձգություն մերկապարուհու հանդեպ. քրեական գործ է հարուցվել սերժանտի նկատմամբ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Խ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի ավտոտեխնիկայի վերանորոգման վաշտի արտագնա 2-րդ դասակի 2-րդ ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտ, 2012թ-ի դեկտեմբերի 3-ին` ժամը 23-ի սահմաններում, գտնվելով ք. Վանաձոր Դեղձանիկ կոչվող ռեստորան-բարում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, նշված բարի պարուհի Մարգո Մ.-ի կամքին հակառակ պարի հրավիրելու հարցի կապակցությամբ գիշերային ակումբում իր ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Վանաձորի պահպանության բաժնի ոստիկան, սերժանտ Մկրտիչ Ն.-ի կողմից կարգի հրավիրելու առումով դիտողության արժանանալով, վիճաբանության մեջ է մտել նրա հետ, որի ընթացքում իշխանության ներկայացուցիչ սերժանտ Մկրտիչ Ն.-ի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, քաշքշել է նրա համազգեստից և ձեռքի բաց ափով մեկ անգամ հարվածել է նրա դեմքի շրջանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net