24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լիբանանահայություն – Արցախ համագործակցությունը և ադրբեջանական անհանգստությունը

Արցախի Հանրապետության փոխվարչապետի այցելությունը հավելյալ հանգամանք և տարողություն է ապահովում Լիբանանում Արցախի ազատամարտի 25-ամյակի առիթով կազմակերպված ձեռնարկների եզրափակիչ հավաքին:

Սումգայիթի զոհերի հիշատակի հարգումը, արցախյան ազատամարտին ընկած  նահատակների գերազանց նվիրման հավաքական արժևորումը, Արցախի ծանոթացումը երիտասարդությանը և ուսանողությանը, զուգահեռ` վերաբնակեցման աշխատանքների և ներդրումային դաշտի կայացման նկատելի մասնակցությունը այս գաղութի Արցախ – լիբանանահայ գաղութ կապի առավել սերտացման և մանավանդ հայրենաշեն ծրագրերի գործնական մասնակցության կարևոր փաստերն են: Այս բոլորը անշուշտ ներազգային առաջադրված մթնոլորտի ստեղծմանն առընթեր քաղաքական ուղղվածություն գծող նախաձեռնություններ են և իբրև այդպիսին հեռանկարային առումով՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը նպաստող երևույթներ:

 

Լիբանանյան իրականությունը թե՛ քաղաքական և թե՛ կրոնական պայմանների առումով, տարբեր է: Ուրուգվայի, Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Եվրոպայի և Կանադայի կողմից անկախության ճանաչման ուղղությամբ երևացող նախադրյալների, ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակի համար պիտի չհանդիպենք այստեղ: Չմոռանանք, որ Լիբանանը թեժ պայմաններ ապրող միջին արևելյան երկիր է, որ թե՛ շրջանային և թե՛ տեղական առումներով սուր և անմիջական ձևով մարտահրավերների դեմ հանդիման կանգնած է:

 

Ավելի մասնակի. Լիբանանը իսլամական վեհաժողովներին մասնակցող երկիր է, որտեղ Բաքուն ներկայացնում է առավել հակահայ և Արցախի պատմությունը նենգափոխած բանաձևերի և որոշումների նախագծեր. քաղաքական իրատեսությունը հուշում է, որ նման բանաձևերի քվեարկությանը ձեռնպահ մնալը կամ քվեարկությանը չմասնակցելը ինքնին արդեն որոշ առավելություն է հայկական կողմի համար:

 

Արցախի ազատամարտին մասնակցությունը, խրամատների մեջ Հայաստանի և Արցախի զինվորների կողքին լիբանանահայ երիտասարդի ներկայությունը և նահատակությունը, երիտասարդական անընդմեջ և ավանդություն դարձած գործուղումները, դպրոցաշինության մասնակցությունը, վերաբնակեցման ծրագրերի առաջադրումն ու դրանց ժողովրդականացումը, և ներդրումային դաշտի համագաղութային ձևաչափով մասնակցությունը, բոլո՛րը ի վերջո ազատ ու անկախ Արցախի կայացմանը նպաստող անշրջանցելի ազդակներ են, որոնք անշուշտ արժանանում են Արցախի պետության բարձրաստիճան պաշտոնատարների ուշադրությանը:

 

Արցախի Հանրապետության նախագահը, վարչապետը, փոխվարչապետն ու բարձրաստիճան պաշտոնատարները` նախարարներ, վարչության պետեր, բոլորը տարբեր առիթներով շեշտել են այս երևույթների կարևորությունը պետականաշինության, բնակեցման և, առհասարակ, Արցախի զարգացման աշխատանքների մեջ:

 

Այս բոլորը անշուշտ աննկատ չեն անցնում Բաքվի իշխանությունների ուշադրությունից: Համատեղության կարգով Սիրիայում և Լիբանանում Ադրբեջանի դեսպանը մնայուն կայք է հաստատել Լիբանանում: Մինչ այժմ լիբանանահայ գաղութ-Արցախ համագործակցության ներկա աշխուժությունը, որ բնականաբար անհանգստացնում է Բաքվին և նրա ներկայացուցչին, անարձագանգ է մնացել: Պարզ է, որ այս պահին նա որդեգրել է լուռ հետևելու և չհակազդելու մարտավարություն:

Իհարկե, սա չի նշանակում, որ թուրքականի կողքին մենք ադրբեջանական գործոնի հետ ևս զբաղվելու պատճառ չպիտի ունենանք: Լիբանանյան մամուլ սպրդող և “անջատողական հայերի” կամ “Խոջալուի” մասին նշումներ կատարող լիբանանցի լրագրողների փորձերը կրկնվելու հիմքեր և պատճառներ ունեն:

 

Հիմնախնդրի ապակրոնականացումը և ցեղային մաքրազտման միտումները բացահայտելը հայկական կողմի առջև ծառացող խնդիրներ են: Այս պայմաններում նման առաջադրանքների իրականացումը հեշտ չի թվում:

 

Շրջանում և երկրում ադրբեջանական շարժումներին հետևելու մեքենականության և բաժանմունքի ճշտումը հրամայական է՝ լիբանանահայություն – Արցախի Հանրապետություն բազմակողմանի համագործակցություններին առավել թափ տալուն զուգահեռ:

 

 

 

Շահան Գանտահարեան
“Ազդակ”-ի գլխավոր խմբագիր

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ