ԲՀԿ-ն դեռ չի ասում
ԲՀԿ-ը դեռևս չի որոշել, թե արդյոք մասնակցելու է Երևանի քաղաքապետարանի ընտրություններին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: ”Մենք մեր որոշման մասին կհայտնենք համապատասխան խորհրդակցությունից հետո, որը դեռ չի կայացել”,-ասաց նա: Ուրիխանյանը չմասնավորեցրեց` երբ կկայանա այդ խորհրդակցությունը:
Մեկնաբանելով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, թե ճիշտ կլինի այս ընտրություններին համախմբված գնալ` ԲՀԿ խոսնակը նշեց.
”Յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է իր տեսանկյունն ունենալ, բայց մենք մեր եզրակացությունը հետևաբար և գործողությունները կանենք նրանից հետո, երբ ինքներս որոշենք մեզ համար”:
Հարցին, արդյոք ԲՀԿ-ի համար ևս ավելի ճիշտ կլինի միասնական գնալ Երևանի ավագանու ընտրություններին, Ուրիխանյանն ասաց. ”Այն որոշումը, որ մենք ընդունենք, առավել ճիշտը կլինի մեզ համար”:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն արդեն հայտարարել են այս ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափի մասին: ”Ժառանգությունը”, ՀԱԿ-ը եւս դիրքորոշում չեն հայտնել այս ընտրություններին իրենց մասնակցության շուրջ:
Նշենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին: Ժամանակացույցի համաձայն` ավագանու ընտրություններին ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն մարտի 11-ից մինչև մարտի 21-ի ժամը 18-ը:
Ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մարտի 21-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում: Նախընտրական քարոզչությունը կիրականացվի ապրիլի 7-ից մինչև մայիսի 3-ը: