25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վտանգավոր է դառնում

Սիրելը մարդ արարածի կոչումն է

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Մեր ժամանակի բարոյական ճգնաժամը պայմանավորված է նրանով, որ հաճախ ընտանիքը դադարել է օջախ լինելուց և դարձել սոսկ ապրելատեղ»:
Գարեգին Ա կաթողիկոս

Այսօր դեռ կան ընտանիքներ, սիրելիներ, որոնց կարելի է համարել քրիստոնեական: Բայց քիչ քրիստոնյա ընտանիքներ կան, որտեղ պահպանվել է այն բարի ավանդույթը, երբ ընտանիքի բոլոր անդամները միասին աղոթում են և կարդում Ավետարան: Քրիստոնյա ճշմարիտ ընտանիքը կարիք ունի անընդհատ նորոգելու իր հավատը, իսկ երբ քրիստոնյաներս ծուլանում ենք, հոգևորից հեռանում, փորձում ապրել առանց Քրիստոսի և թույլ ենք տալիս, որ հավատը թուլանա մեր ընտանիքում, վտանգի տակ ենք դնում մեր ընտանիքի ապագան.

«Եթե մեկն ինձանում չի մնում, նա դուրս կգցվի, ինչպես ճյուղը, և կչորանա» (Հովհ. 15.6): Շատ ընտանիքներում, որոնք տեղ չեն տալիս միասնական աղոթքին, կամաց-կամաց հավատն իր տեղը զիջում է անհավատությանը, ինչն էլ պատճառ է դառնում ընտանիքի քայքայման, և չարն իր տեղն է գրավում ընտանիքի անդամների սրտերում, մղում նրանց քրիստոնեությանը ոչ հարիր արարքների և կապվածությունների, որոնք թվում են այդ պահին շատ փոքր ու անվնաս, քանի դեռ մարդը վերջնականապես չի գիտակցում, որ այն, ինչն Աստծուց չէ, մեղք է, և տանում է դեպի հոգևոր մահ:

Ինչքան շուտ ենք գիտակցում, թե ինչը եղավ մեր հոգևոր անկման պատճառն ու կողմնորոշվում, թե ինչպես բարձրանանք այդ վիճակից, այնքան ավելի հեշտ կլինի մեզ համար, և միմյանց նկատմամբ դրսևորելով հոգատարություն, ուշադրություն, անշահախնդիր ու անկեղծ սեր, հարգանք` կկարողանանք բժշկել մեր ընտանիքը՝ փրկելով նրա յուրաքանչյուր անդամին:

Մեր օրերում,սիրելիներ, ընտանիքի անդամների միջև հարաբերություններն ավելի ու ավելի ամրապնդելու կարիք կա: Պետք է գիտակցել, որ մեր անձնական փրկությունը անմիջականորեն կախված է մեր ընտանիքի ամեն մի անդամի փրկությունից: Եթե Աստված մեզնից պահանջում է, որ մեր հոգևոր փորձառությունը փոխանցենք «հեռավորներին», ապա ուրեմն ինչքան ավելի պարտավոր ենք մեր ընտանիքի անդամների հոգևոր կարիքները հոգալ: Ինչքան շատ սիրո, վստահության, հարգանքի, հնազանդության դրսևորումներ լինեն ընտանիքում, այնքան ավելի կատարյալ կլինեն այդ ընտանիքի անդամների միջև հարաբերությունները: Այսպիսով, վստահությունն է միմյանց նկատմամբ, որ մեզ կօգնի պահպանել ու փոխանցել հոգևոր ճշմարտությունները սերնդեսերունդ:

Կտրվել ընտանիքից, ինքնամփոփվել, ընկնել պատրանքների մեջ և տարվել անցողիկ արժեքներով նշանակում է կամաց-կամաց տեղի տալ չարին: Ամեն կերպ չարն աշխատում է օտարացնել մեզ մեր ընտանիքից, որովհետև ընտանիքում է մարդն իրեն զգում պաշտպանված: Եվ հոգևոր միայնակությունն է, որ մարդուն տանում է ամենամեծ մեղքին՝ ինքնասպանության:

ԾՆՈՂ-ԶԱՎԱԿ
Պատանեկության շրջանը, սիրելիներ, թերևս ամենագեղեցիկ շրջանն է, երբ մեր աչքի առաջ հասունանում, ձևավորվում է անհատը: Ապագա հայր կամ ապագա մայր են դառնում դեռատի տղան ու աղջնակը, ովքեր կդաստիարակեն և կփոխանցեն իրենց զավակներին այն բոլոր քրիստոնեական առաքինությունները, ձեռքբերումները, որոնք մեզ են փոխանցվել մեր նախահայրերի կողմից:

Այստեղ, սիրելիներս, տեղին է քննել մեզ՝ ծնողներիս: Մենք` ծնողներս, որ ապրում ենք այն գիտակցությամբ, թե ամեն ինչ փոփոխության ենթակա է, և արտաքին երևույթների փոփոխությունը անպայման պետք է փոխի նաև մեր մտածելակերպը, և նույնիսկ հոգևոր արժեքները չեն կարող մնալ նույնը: Ի՞նչ ենք պահպանել մեզ ավանդվածից, գուցե՞ մտածում ենք, թե հիմա այլ ժամանակներ են և հոգևոր արժեքները կարելի է անտեսել:

Իսկ Աստվածաշունչը մեզ հիշեցնում է. «Այն, ինչ եղել է, նույնն էլ պիտի լինի, և այն, ինչ կատարվել է, նույնն էլ պիտի կատարվի: Եվ ոչ մի նոր բան չկա արեգակի ներքո» (Ժող. 1.9-10), ուրեմն, արժե կանգ առնել, հետ նայել ու ճանաչել մեր ծնողներին՝ մեր կարողությունները ճիշտ գնահատելու համար: Ճանաչենք նաև նրանց կողմից մեզ փոխանցված մնայուն հոգևոր արժեքները, որոնք գալիս են աստվածաշնչյան ակունքներից, նաև նրանք, որ համահունչ են ճշմարիտ քրիստոնեական ապրելակերպին:

Փորձե՞լ ենք երբևէ լսել մեր ընտանիքի ավագների զրույցները, նրանց նկատմամբ եղե՞լ ենք ուշադիր, փորձե՞լ ենք մեր ժամանակից մի պահ հատկացնել նրանց, ճանաչել նրանց՝ արդեն որպես հասունության հասած մարդ՝ գնահատելով նրանց առավելությունները: Ինչպես մեր ֆիզիկական մարմինը սերում է նրանցից, այդպես էլ մեր մտավոր ու հոգևոր ներաշխարհը անտեսանելի կերպով կրում է նրանց մասնիկը:

Շատ արդիական է դարձել այսօր ուղղակի անտեսել ընտանիքի ավագներին, հաշվի չնստել նրանց հետ, կարևոր խնդիրներ արծարծելիս նրանց խորհուրդները համարել անօգտակար, առանց հաշվի առնելու, որ նրանք իրենց ուսերին կրել են ընտանիքի ծանրությունը, պահպանել են ընտանեկան ջերմ մթնոլորտը, որպեսզի մենք մեծանանք ապահով ու խաղաղ:

Արդյո՞ք այսպես ապրելով մենք իրավունք ունենք պահանջելու հաջորդ սերնդից այն, ինչ մենք չենք արել: Եվ եթե մենք այս կերպ ենք կատարում Աստվածաշնչի 4-րդ պատվիրանը` «Պատվիր ծնողիդ», ի՞նչ իրավունքով կկարողանանք հույս ունենալ, որ մեր զավակները մեզ կարժանացնեն մեծարանքի և հարգանքի, և ընկնելով «ինքնավստահություն» կոչվող պատրանքի հետևից, չեն կործանի իրենց ու չեն դժբախտացնի մեզ՝ ծնողներիս:
Փառք Աստծո, սիրելիներ, որ այսօր կարելի է տեսնել ընտանիքներ, որտեղ տարեցները անտեսված չեն, գնահատվում են նրանց աղոթքներն ու օրհնությունները, նրանց խորհուրդների ու փորձառության շնորհիվ երիտասարդ ընտանիքները բարգավաճում են և պատվի արժանացնում իրենց ծնողներին. «Ով անարատ է քայլում արդարության ճամփով, նա իրենից հետո երանության արժանի որդիներ պիտի թողնի» (Առակաց 20.7):

Անահիտ-Աննա ԳԻՉՅԱՆ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ