17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները ընդդեմ Հունգարիայի եւ Ադրբեջանի գանգատներ են ներկայացրել ՄԻԵԴ

Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանորեն սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդներն ու սպանությունից հրաշքով փրկված ՀՀ ԶՈՒ սպա Հայկ Մակուչյանն անհատական գանգատներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի ու Հունգարիայի:

ՀՀ արդարադատության փոխնախարարներ Ռուբեն Մելիքյանն ու Եղիշե Կիրակոսյանն այսօր լրագրողներին հայտնեցին, որ իրենց տեղեկություններով, դիմողները պահանջում են ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 14-րդ հոդվածներով՝ Կյանքի իրավունք և Խտրականության արգելք, ամրագրված հիմնարար իրավունքների խախտումները: Ըստ հայկական կողմի, այդ իրավունքները խախտվել են Հունգարիայի կողմից մարդասպանին Ադրբեջանին փոխանցելու, իսկ վերջինիս կողմից նրան ներում շնորհելու, անգամ արդարացնելու ու հերոսացնելու հետևանքով: Փաստաբանական խմբի կազմում են՝ Սիրանուշ Սահակյանը, Նարինե Գասպարյանը, Հունգարիայում ընթացած դատաքննության ընթացքում Գ.Մարգարյանի իրավահաջորդների ու Հ.Մակուչյանի շահերը ներկայացրած փաստաբան Նազելի Վարդանյանը, օտարերկրյա փաստաբաններ:

Նշվեց նաև, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի պահանջներին համապատասխան, ՀՀ-ն վարույթին ներգրավվելու է որպես երրորդ կողմ:

Հայաստանի արդարադատության նախարարությունը համոզված է, որ Հունգարիայի կողմից մարդասպանի փոխանցումը, իսկ Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելն, ըստ էության նրան արդարացնելն ու հերոսացնելը միջազգային իրավունքի կոպտագույն ոտնահարում է, ուստի Հայաստանի կողմից ձեռնարկվել ու ձեռնարկվելու են բոլոր հնարավոր քայլերը հեղինակավոր միջազգային ատյանների կողմից իրավունքի խախտման փաստն ամրագրելու ու միջազգային իրավունքով սահմանված հնարավորությունների չափով խախտված իրավունքը վերականգնելու ուղղությամբ:

Փոխնախարարները հայտնեցին դեռևս 2012թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ արդարադատության նախարարությունը դիմում է ներկայացրել Քրեական ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրախորհրդի Կոնվենցիաների կիրարկման հարցերով փորձագիտական խմբին՝ պահանջելով քննարկել Ադրբեջանի կողմից 1983թ. Դատապարտյալների փոխանցման մասին Ստրասբուրգի կոնվենցիայի 12-րդ հոդվածի (որը վերապահում է համաներում ու ներում շնորհելու իրավունքը) կիրառման համաչափությունը՝ միջազգային իրավունքի տեսանկյունից:

ՀՀ արդարադատության նախարարությունը նախապատրաստում է դիմում, որը ներկայացվելու է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի 11-րդ հոդվածի հիմքով: Դիմումում Հայաստանը միջազգային կառույցի ուշադրությունն է հրավիրելու Ադրբեջանի կողմից իրականացված հակահայկական խտրականության քաղաքականության և ընդհանրապես Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության քարոզչության վրա:

Տեղեկացնում է ”Փաստինֆո”-ն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ