Ինչու Րաֆֆին Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում
Լրագրողները “Ժառանգության” պատգամավորներից այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հետաքրքրվեցին, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը չի պահանջում գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ իր հանրահավաքների ժամանակ սաստում է այդ մասին ժողովրդի բացականչությունները եւ ինչու է նախագահական հետընտրական գործընթացում արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջում:
‘’Պահանջելու հարց չկա, որովհետեւ ժողովուրդը պահանջել եւ ստացել է եւ այն պետք է “դե յուրե” հաստատել’’,-հայտարարեց Ռուբեն Հակոբյանը` նշելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր երեք կետերով գնաց բանակցությունների Սերժ Սարգսյանի հետ եւ որպես կոմպրոմիսային տարբերակ ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջ ներկայացրեց:
Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի հեռացումը պահանջող կոչերը սաստելուն, խմբակցության ղեկավարը ասաց.‘’Ես չէի ուզենա շահարկումների դաշտ մտնել: Երեկ էլ մարդիկ վառել են Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի նկարները, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը հանգցրել է դրանք ձեռքով: Հրաժարականը պահանջում են նրանից, ով նախագահ է: Եթե դու չես դիտում նրան որպես նախագահ, ինչ հրաժարական պահանջես’’:
Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենք իշխանափոխություն պահանջել են մինչեւ ընտրությունները եւ իրականացրել այն ընտրություններում, “ընտրվել է նորմալ նախագահ”:
“Ժառանգական” Զարուհի Փոստանջյանն էլ հայտարարեց. ’’Հանցագործներին չեն ասում հեռացիր, հանցագործներին հետապնդում են’’:
Լրագրողների խնդրանքով “Ժառանգության” ներկայացուցիչներն անդրադարձան նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, թե ԱԺ արտահերթ ընտրություններով “Ժառանգությունն” իր տունը կքանդի”:
“Չեմ ընդունում այդ գնահատականները: Թող չմտածեն, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները “Ժառանգության” տունը կքանդվի, թող քանդվի: Շնորհակալություն, որ այդպիսի մտահոգություն կա: Իսկ եթե լուրջ, քաղաքական իրավիճակ է փոխվել եւ այն հարաբերակցությունը , որ կա այստեղ եւ դրսում, իրար հետ կապ չունեն: Այն ինչ մենք ասել ենք դրա տերն ենք եւ սպասում ենք մեծամասնության պատասխանին’’:
Անդրադառնալով այն հարցին, թե երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ԱԺ-ում ընթացող քննարկումներն իր տեսակետը չեն արտահայտում, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ այդ մասին Րաֆֆի Հովհաննիսյանը նախապես տեղեկացվել է եւ ընդունել է ի գիտություն:
‘’Մենք պայմանավորվել ենք, որ “Ժառանգություն” խմբակցությունը մյուս խմբակցությունների հետ միասին կարող է օրենքով սահմանված կարգով նախաձեռնել արտահերթ նիստ’’,-նշեց Ռուբեն Հակոբյանը եւ հավելեց.
’’Իմ կողմից նախապես հայտարարվել է, որ այս բանակցությունները զուտ խորհրդարանական գործառույթների շրջանակում են: Այլ բան է, որ եթե այս բանակցությունների ընթացքում համաձայնություն կայացվի, այն կարող է օգտագործվել Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպման ընթացքում’’: