Ձեր քթից արյուն չի կաթի, բայց նորից կզոհվեն անմեղ երիտասարդներ. բաց նամակ
Առաջին անգամ Հայոց Տունը լուրջ աքցանի մեջ առնվեց, երբ մեզնից արևելք ստեղծվեց պարթևական պետությունը, իսկ արևմուտքից Հայաստանի սահմաններին հասավ հռոմեական կայսրությունը: Լուծումներ փնտրող ազգի վերնախավը համախմբվելու փոխարեն երկփեղկվեց, կիսվեց երկու հակառակ ճամբարների՝ պարթևական կողմնորոշում և հռոմեական կողմնորոշում ունեցողների:
Արդյունքում վերացավ Հայկազեան բնիկ հարստությունը (դինաստիան) և Հայաստանի գահին բազմեցին պարթև Արշակունիները: Սասանյան Պարսկաստան-Բյուզանդիա աքցանի մեջ առնված Հայաստանն անմիաբանության պատճառով նորից պարտվեց ու կիսվեց Պարսկաստանի ու Բյուզանդիայի միջև:
Դրան հաջորդած 2000 տարիների ընթացքում մենք մնացինք երկփեղկված ու անասելի կորուստներ տվեցինք. Արաբական խալիֆաթ ու Բյուզանդիա, մոնղոլ-թաթարներ ու Բյուզանդիա, Թուրքիա ու Պարսկաստան, Թուրքիա ու Ռուսաստան, ԱՄՆ ու Ռուսաստան… Ոչ մի այլ ազգ չէր դիմանա այս ճակատագրին ու կորուստներին: Այս մղձավանջի մեջ մի լուսավոր էջ ունեցանք. Արցախի մասնակի ազատագրումը, ինչը նորից կարող ենք կորցնել մեր անմիաբանության պատճառով:
Մեր գոյության երեք հիմքերն են ԿԵՆՍԱՏԱՐԱԾՔԸ, ԼԵԶՈՒՆ, ԿՐՕՆԸ, որոնց սոսնձողն ու տերը տեսակի կրողն է՝ ազգը: Նորմալ բնական աճի դեպքում այսօր պիտի լիներ հարյուր միլիոնից ավել հայություն, սակայն մենք դրանից 10 անգամ քիչ ենք: Հայոց պատմական կենսատարածքի 90%-ից ավելին կորցրել ենք: Ազգային կրօնից ու աստվածներից հիշողությունների փշրանքներ են մնացել: Ազգային գոյության հիմքերից մնացել է միայն օտարաբանություններով աղտոտված լեզուն և մեր գոյությունը դրվել է խիստ հարցականի տակ:
Տիարք Սերժ Սարգսյան և Րաֆֆի Հովաննիսյան, այսօր մեր ազգը բզկտել ցանկացող աքցանների թիվը շատացել է: Այսօր միայն ԱՄՆ-Ռուսաստան կողմնորոշման կամ Թուրքիային ու Ադրբեջանին հակահարված տալու խնդիրը չէ: Ազգը բզկտվում է նաև ներսից. աղանդներ, կուսակցություններ, սոցիալական անարդար շերտավորում, գործազրկություն, արտագաղթ…
Այսօրվա Հայաստանը նման է գժանոցի. լրատվամիջոցներն ու սոցցանցերը հեղեղված են ատելությամբ, հայհոյանքներով, սադրանքներով…հայ ուսանողներն իրար են ծեծում, հայ մայրերի բերանից ամեն օր անեծք է հնչում…2008թ մարտի 1-ին անմեղ զոհերի արյուն թափվեց Ս. Սարգսյան-Լ. Տեր Պետրոսյան հակամարտության պատճառով: Մի գնացեք այդ ճանապարհով: Սթափվե՛ք:
Տիար Սերժ Սարգսյան, եթե ձեզ համարում եք ընտրված նախագահ, ապա ազգի ու պետության անվտանգության պատասխանատուն եք: Որեմն առաջին քայլն արեք դուք. հրավիրեք Րաֆֆի Հովաննիսյանին և ներկայացրեք ու քննարկեք համագործակցության իրատեսական առաջարկներ:
Տիար Րաֆֆի Հովաննիսյան, դուք թշնամուն չեք պարտվել, այլ հայ ազգի մի ստված զանգվածին, որը ևս անհրաժեշտության դեպքում տեր է կանգնելու իր տված ձայներին: Իսկ դրա հետևանքն արյունահեղությունն է:
Տիարք, ձեր քթից արյուն չի կաթի, բայց նորից կզոհվեն անմեղ երիտասարդներ: Սթափվեք, վերջ տվեք “ընտրված” ու “պարտված” նախագահների վայրենի առճակատման ավանդույթին:
Մենք կործանման մատույցներում ենք, բայց դա դեռ վերջը չէ, եթե Դուք միացյալ ջանքերով ժողովրդին համախմբեք ազգապահպան գաղափարի ու գործի շուրջ: Մեր ազգի ներքին պոտենցիալը շատ մեծ է և նա կարող է նույնիսկ կործանման պահին փյունիկ թռչունի նման զօրացած վերածնվել:
Տիարք Սերժ Սարգսյան և Րաֆֆի Հովանիսյան, եթե դուք իսկապես ազգի ու պետության ճակատագրով մտահոգ այրեր եք, ինչպես գրված է ձեր նախընտրական ծրագրերում, ապա կոչ եմ անում վերջ տալ այս առճակատմանն ու համատեղ ջանքերով փնտրել առկա խնդիրների լուծումները:
Մեր պատմության վերջին 2000 տարվա ամեն մի դարն ունի իր Վարդանն ու Վասակը: Մի դարձեք Վարդան ու Վասակ, ազգը մի բաժանեք վարդանաց ու վասակյանց: Բավ է: Վաղուց ժամանակն է պատմությունից դասեր քաղել:
Դարձեք երկվորեակ եղբայրներ, դարձեք մի նոր Սանասար ու Բաղդասար և միավորեք ազգը: Դա է փրկության ճանապարհը: Աստված ձեզ խոհեմություն տա:
Համլետ Մարտիրոսյանի հանրագրից