Հունաստանում խնկարկել են սումգայիթյան զոհերի հիշատակը
Փետրվարի 27-ին Հունաստանում ՀՀ դեսպանության եւ երկրում գործող հայկական համայնքային կառույցների կազմակերպությամբ Աթենքի Նեա Զմիրնի թաղամասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված “Զանգակ” հուշակոթողի մոտ տեղի ունեցավ Արցախյան շարժման 25-ամյակին եւ Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:
Հայ առաքելական եւ Հայ կաթոլիկ եկեղեցիների հոգեւորականների կողմից անցկացվեց հոգեհանգստյան արարողություն` Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանի գլխավորությամբ:
Հավաքվածների առջեւ ելույթներով հանդես եկան Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը եւ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Դավիթ Պետրոսյանը:
ՀՀ դեսպանն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ, Սումգայիթի եղեռնագործության զոհերի հիշատակը խնկարկելով, հպարտությամբ պիտի արձանագրվի նաեւ Ղարաբաղյան շարժման 25-ամյակը: «Շարժում, որի նվիրյալների աննկուն ոգին չկոտրեց անգամ դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժը, իսկ անհագուրդ թշնամու սանձազերծած պատերազմի բովում այն թրծվեց, էլ ավելի զորացավ ու դարձավ անպարտելի: Համախմբվածության նույն ոգով եւ նույն նվիրումով է, որ պետք է ամենքս ջանանք բաղձալի ավարտին հասցնելու հերոսացած բոլոր հայորդիների սկսած հայրենանվեր գործը: Մեր սրբազան պարտքն է` հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը` ամրագրելով սեփական ճակատագիրը տնօրինելու, ապահով ու բարեկեցիկ ապրելու արցախահայության իրավունքը: Հանուն մեր նախնյաց, հանուն Սումգայիթում մարտիրոսված մեր ազգակիցների եւ գոյամարտում հերոսացած ազատամարտիկների հիշատակի»,-նշեց դեսպան Ղալաչյանը:
ՀՀ դեսպանը եւ ՌԱԿ ներկայացուցիչ Խաչիկ Ոսկերչյանը դեսպանության եւ հունահայ համայնքի կողմից ծաղկեպսակներ զետեղեցին «Զանգակ» հուշակոթողին: Հնչեցին Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգերը:
Միջոցառմանը ներկա էին Հունահայոց Ազգային Վարչության ատենապետն ու անդամներ, Հունաստանում ՀՅԴ եւ ՌԱԿ կուսակցական կառույցների ղեկավարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի մասնաճյուղի ատենապետը, Հունահայկական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահն ու վարչության անդամները, հունահայ համայնքի եւ համայնքային կառույցների, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Երեկոյան կայացավ հունահայ երիտասարդության բողոքի ցույցը Ադրբեջանի դեսպանության առջեւ: Մոտ մեկ ժամ կայացած ցույցի ընթացքում երիտասարդները, եռագույն դրոշների ներքո, բարձրախոսով վանկարկում էին պահանջատիրական եւ ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը դատապարտող կարգախոսներ: Ցուցարարները կրում էին “Ալիեւ, դադարեցրու ագրեսիան. Լեռնային Ղարաբաղն արդեն անկախ է” ու “Կասեցնել հայկական հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի կողմից” անգլերեն եւ հունարեն պաստառներ: Ցուցարարների կողմից Ադրբեջանի դեսպանության ներկայացուցչին հանձնվեց բողոքի նամակ: