Հաղթանակը նախ մարդկանց գլխում է լինում. Վարդան Պետրոսյանը միացավ /վիդեո/
Այսօր ”Ազատության” հրապարակում ”Ժառանգության” հանրահավաքին մասնակցում էր դերասան Վարդան Պետրոսյանը: Նրան բեմ հրավիրեց ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն` ասելով, որ դերասանը Ֆրանսիայից է վերադարձել: Դա փաստեց նաև Պետրոսյանը: Ասաց, որ հանրահավաքների մասին տեղեկություն էր ստանում լրատվամիջոցներից:
Պետրոսյանն ընդգծեց, որ ինքն էլ չէր հավատում, որ ժողովուրդն այսքան ձայն կտար Րաֆֆի Հովհաննիսյանին: ”Հաղթանակն սկզբում տեղի է ունենում մարդու գլխում: Ես էլ շատերի նման սկզբից չէի հավատում, բայց այդ հաղթանակը տեղի ունեցավ և պատահական չէ, որ Արցախյան շարժման օրերին կայացավ,-ասաց նա ` շարունակելով,-շարժումը չի նշվում մեդալներ բաժանելով և շամպայն խմելով, սրտի մաքրումն է սա, այս շարժումը ինքնամաքրման շարժում է, և սա է հաղթանակի սկիզբը”:
Վարդան Պետրոսյանի խոսքով` զարմացած է ոչ միայն ինքը, այլև զարմացած են իշխանությունները, սփյուռքահայերը, մեծ ու փոքր պետությունները:
Նա շեշտեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ տղամարդն ավելի լավ կանի, որ իր ժամանակն իր ընտանիքի հետ անցկացնի: ”Ես համաձայն եմ այդ խոսքերի հետ, սակայն այդ նույն Ազգային ժողովը, իշխանությունը ոչ մի կերպ թույլ չեն տալիս դա անել, որովհետև հայ տղամարդն ուզում է աշխատել, տունը պահել, բայց նա դրա հնարավորությունը չունի”,-ասաց արվեստագետը:
Նա հայտարարեց, որ նոր մարտի մեկ չի լինի, և հենց սրանով է նաև, որ այս շարժումը տարբերվում է նախորդներից: ”Գլուխդ բարձր, հայ ժողովուրդ”,-ասաց Վարդան Պետրոսյանը` եզրափակելով ելույթը: