ԲՀԿ-ն վերապահում ունի ԱԺ արտահերթ ընտրությունների առնչությամբ
ԲՀԿ-ն պատրաստ է մասնակցել Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակի քննարկումներին: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը տրամաբանական համարեց, որ ԲՀԿ-ն այսօր չի մասնակցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ “Ժառանգություն”, ՀՅԴ եւ ՀՀԿ խմբակցությունների ղեկավարների հանդիպմանը:
Նա նշեց, որ լրատվամիջոցներից է ծանոթացել կողմերի առաջարկներին եւ ասաց, որ ԱԺ նախագահն իրեն տեղեկացրել է հնարավոր քննարկումների մասին: Հարցը տիկին Զոհրաբյանը քննարկել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ եւ ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել մասնակցել այդ քննարկումներին:
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն քննարկման ձեւաչափը հայտնի դառնալուց հետո կներկայացնի իր մոտեցումները:’’Այո, մենք այսօր խմբակցության մի քանի անդամներով հավաքվել ենք: Մենք կփորձենք մեր մոտեցումները եւ քաղաքական օրակարգի կարեւորագույն խնդիրները ձեւակերպել եւ երբ խորհրդարանական քաղաքական ուժերը կոնսենսուսի կգան, թե ինչ ֆորմատով եւ երբ անցկացնեն քննարկումները, իհարկե, մենք կներկայացնենք մեր առաջարկությունները’’, -ասաց նա:
Ինչ վերաբերվում է “Ժառանգության” եւ ՀՅԴ-ի ներկայացրած օրակարգին, տիկին Զոհրաբյանը նշեց, որ հարյուր տոկոսանոց համամասնական համակարգին անցնելու խնդիր նաեւ ԲՀԿ-ն է դրել , իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանը նշեց.
’’Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, իհարկե, վերապահումներ ունենք, դա իմ անձնական կարծիքն է : Մենք չենք քննարկել կուսակցությունում, բայց ես չեմ կարծում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը որեւէ կապ ունի նախագահական հետընտրական զարգացումների հետ’’:
Նաիրա Զոհրաբյանը ընդունելի համարեց ընդդիմությանը վերահսկողական լծակներ տրամադրելու պահանջը:
Henaran.am-ի խնդրանքով Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջամիտ առաջարկին եւ մեր այն դիտարկմանը, թե ինչպես կվարվի ԲՀԿ-ն, եթե համագործակցության այս ֆորմատն ընտրվի. ’’Ես ասել եմ, որ ես ինքնս անձնապես չեմ տեսնում որեւէ քաղաքական մոտիվացիա, որպեսզի ԲՀԿ-ն մաս կազմի կոալիցիայի’’:
Հիշեցնենք, երեկ լրագրողներին Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ իշխանությունը ողջամիտ կհամարի, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացնի այս կամ այն ոլորտը ղեկավարելու թեկնածուներ: