Ուշագրավ բացահայտում. նախագահի թեկնածուն հարում է աղանդավորական կառույցի
Հայաստանում կա մոտ 350 հազար մարդ, ով Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ, որոնցից քայքայիչ աղանդների մաս են կազմում 200-250 հազարը: Այս մասին այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպանը հայտնեց Քայքայիչ պաշտամունքից տուժվածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:
Անդրադառնալով առանձին աղանդներին`նա նշեց, որ “Աստծո հարսնացուներ” կառույցը, որի մասին վերջերս շատ է գրվում, նոր կրոնական կառույց չէ:
“Դա աղանդի նոր անվանումն է: 2002-2003թթ.-ին Ուկրաինայում տեղի ունեցած գունավոր հեղափոխության ժամանակ գլխավոր գործող կառույցը “Աստծո դեսպանատուն” կառույցն էր: Հեղափոխությունից հետո նրա ղեկավարներից մեկը ստացավ Կիևի քաղաքապետի, մյուսը` նրա խորհրդականի պաշտոնը:
Դրանից հետո Հայաստանում բացվեց նրանց ճյուղը, որը կոչվում է “Կենդանի հավատք”: Հետագայում “Կենդանի հավատքը” դուրս եկավ այդ կառույցից և ստեղծեց իր առանձին կառույցը: Իսկ “Աստծո դեսպանատունը” բացը լրացնելու համար ստեղծեց “Աստծո հարսնացուներ” կառույցը”,-պարզաբանեց Ամարյանը:
Անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրություններին` Ալեքսանդր Ամարյանն ասաց, որ թեկնածուներից մեկը հարում է աղանդավորական կառույցի, սակայն չցանկացավ նշել նրա անունը, քանի դեռ չեն ավարտվել հետընտրական գործընթացները:
“Միայն կարող եմ ասել, որ նա կապ ունի հանրահավաքների հետ”,-ասաց նա: Ալեքսանդր Ամարյանը հայտնեց նաև, որ կան պաշտոնատար անձինք, որոնք ևս աղանդավորական կառույցների անդամ են:
Ըստ բանախոսի`Ավետարանական եկեղեցին համարվում է Առաքելական եկեղեցու քույր եկեղեցի, բայց “եթե այդ եկեղեցին իրեն միացնում է բողոքական ուղղություններին, միանշանակ նա իր գործունեությունը վարում է որպես աղանդավորական կառույց”:
Նրա խոսքով, այսօրվա դրությամբ կենտրոնն ունի Ավետարանական եկեղեցու կողմից կատարվող խախտումների մասին տեղեկություն. “Մի անձի տվել են չորս տարբեր աշխատանքային գրքույկ`տարբեր ամիսներով, օրերով, և հետագայում գործից հեռացրել են”: Բանախոսը համոզված է, որ Ավետարանական եկեղեցին այսօր Հայաստանում վարում է աղանդավորական գործունեություն:
“Այդ եկեղեցին Հայաստանից դուրս իր գործունեությամբ համարվում է քույր եկեղեցի, սակայն Հայաստանում իր գործունեությունը աղանդավորական է: Ավետարանական եկեղեցին ինչ-որ ՀԿ-ի կցորդ է, որի միջոցով փող են աշխատում”,-նշեց Ալեքսանդր Ամարյանը: