23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վախեցեք ժողովրդի արթնացումից

Նաիրի երկիրն անտարակույս կծնի նաեւ իր Թոլսթոյը, որը կստեղծի մեր ժողովրդի սխրանքին արժանի դյուցազներգություն` Ղարաբաղի պատերազմի եւ խաղաղության մասին, ուր կլինի ամեն ինչ. ե՛ւ հաղթանակ, ե՛ւ տարեգրություն, ե՛ւ դյուցազներգություն:

ԶՕՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Բնիկ արցախցի, իր պապենական հողի ազատագրմանը մինչեւ վերջ իր մասնակցությունը բերած, ականատեսի իր վկայություններով մեր ազգային այդ նվիրական էջը թղթակցություն ու գրքեր դարձրած, նրա բարձրադիր լեռներից այդ վեհ պայքարը դուրս բերած ու աշխարհին հանձնած, անխոնջ ու անհանգիստ մտածողի`  Զօրի Բալայանի այս կանխատեսումը իմաստուն խորություն պարունակող մեծ պատգամ է մեր հաջորդող սերունդներին:

Երկար տարիների տառապանքով ու արյունով հեղեղված մեր այս հողակտորի ազատագրումը իրապես դյուցազներգություն է, որը դեռ շարունակվում է հյուսվել քանի դեռ այն ամբողջովին ազատագրված չէ, քանի դեռ այն չէ միացած իր մայր հողին:

Կանցնե՛ն տարիներ, հավանաբար նաեւ` դարեր, եւ ղարաբաղյան հերոսամարտը հավերժորեն կդառնա մեր ժողովրդի մղած ազատագրական պայքարների պատմության անջնջելի մասնիկը:

Հիշում եմ, երբ 1987-ին Ավստրալիայում Հայ դատի երիտասարդ հանձնախմբի հետ իմ հանդիպման ժամանակ արտահայտվեցի, որ կարող է Արցախը ազատագրվել, ուստի բոլորս պատրաստ պիտի լինենք նրան օգնելու եւ հաղթանակի հասնելու համար, բոլորը տարակուսած ու թերահավատ ինձ նայեցին:  Մեկ տարի անց Ղարաբաղի հայությունը աշխարհը ցնցեց 67 տարիների աննկատ ու լուռ ապրած տառապանքից հետո ոտքի ելած անկախության իր պահանջով:

Աշխարհն ապշահար` իրար էր անցել, որ անծանոթ Խորհրդային Հայաստանից կիսուած, հեռավոր մի փոքրիկ հողակտոր ազատագրման պահանջ էր ներկայացնում, այն էլ, ո՛չ ավել, ո՛չ պակաս, հսկա ու բռնատեր խորհրդային իշխանությանը:

Խորհրդային իշխանությունը, Գորբաչեւի գլխավորությամբ, ցնցված, անընդունելի, անօրինական ու ազգամիջյան  խառնակություն համարող շարժում էր նկատում Ղարաբաղի ժողովրդի արդար պահանջը եւ բացահայտորեն ազերիների շահն ու ձգտումն էր պաշտպանում, չէր ուզում անգամ քննության ենթարկել Ղարաբաղի տանջահար ժողովրդի բողոքը: 

Սակայն արյունարբու ազերիների լծից ազատագրվելու մղումով ոտքի ելած Ղարաբաղի ժողովրդին անհնարին էր կասեցնել, նույնիսկ խորհրդային-ռուսական բանակի, Ազրպեյճանի եւ ազերի ամենավայրագ ՕՄՈՆ-ականների հարձակումներն ու շրջափակումը չկարողացան լռեցնել նրանց:

Մեր այս հրաշք գեղեցկությամբ ու հարուստ պատմությամբ լեցուն փոքրիկ երկրամասը, որը դարեր տոկացել էր ոչ միայն թաթարների, պարսիկների անվերջանալի արշավանքներին, այլ դարձել էր Ռուսական կայսրության Հարավային Կովկասի անհանգիստ տարածքներից մեկը, որը հատուկ միտումով կայսրությունը  այդ տարիներից սահմանագծել ու բնակեցրել էր այնպես, որ ժողովուրդը միատարր, միայն հայ չլինի, որ հանկարծ անկախության  չձգտեն:

Սակայն այն երբեք չէր հաշտվել իրեն պարտադրված վիճակին եւ իր խորքում լուռ վառ էր պահել պայքարի այն կրակը, որն իր մեջ ներարկել էր մի ղարաբաղցի` Իսրայել Օրի անունով, ազատության անընկճելի ջատագով, դեռեւս 1699-ին:

Դեռ 1919 թ. ռուս բանաստեղծ Ս. Գորոդեցկին գրել էր. Ղարաբաղի անմատչելի բարձունքներում երկու հազար տարուց ավել հայ ժողովուրդը դիմակայել է քոչվոր ցեղերի ճնշմանը` պահպանելով իր մշակույթն ու ազգային դիմագիծը:

Օտարներին անգամ հրապուրած այդ դիմագիծը, Ղարաբաղի ժողովրդի մեջ արյան հոսք դառնալուց զատ, նաեւ ազատատենչ ոգի էր դարձել:

Ղարաբաղի ազատագրման ժողովրդական շարժումը, ըստ մեր պատմաբանների, սկսվել էր դեռ 1921թ. մարտից, երբ Մոսկվայում ստորագրվեց ռուս-թուրքական պայմանագիրը, երբ Ստալինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի «Ինքնավար մարզը» հանձնվեց, առանց պատմության, խորհրդայինների կողմից հրապարակ նետված նորաստեղծ Ազրպեյճանին: Ստալինի բռնատիրությունը խեղդեց իրեն պարտադրված այդ կարգավիճակի դեմ Ղարաբաղի ժողովրդի ըմբոստությունը:

Իսկ երբ 1926թ. ԼՂԻՄ-ը կտրեցին իր մայր երկրից` Հայաստանից, Լաչինի լեռնանցքի փակումով, ղարաբաղցիների համար սկսվեց մեկ այլ աննկարագրելի ծանր կյանք: Վստահաբար դեռ հոգեբաններն ու քաղաքական անկեղծ ու ազատ մտածողության մասնագետները կներկայացնեն ճշմարտությունը, այն անտանելի կյանքը, որը տասնամյակներ շարունակ պարտադրվեց Ղարաբաղի ողջ ժողովրդին: 

Ղարաբաղցին ոչ միայն գերի մնաց իր իսկ հողում, այլ խոշտանգվեց ու տառապեց վայրագ ազերիների իշխանության ներքո, սակայն` առանց կորցնելու իր ինքնությունը, համբերությամբ աշխատեց իր հավատքն ու սերը մայր հողի հանդեպ վառ պահել ու պայքարի ոգին դանդաղորեն հասունացնել իր մեջ:

Մոսկվայում լսել էի Ղարաբաղ կոմիտեի անունը, որի անդամներից շատերը, ինչպես այժմ հասկացա, հիմնականում Հայաստանի բնակիչներ էին: Իսկ Հայաստանի եւ Ղարաբաղի բնակիչները պարզվում է, միեւնույնը չեն, թեեւ երկուսն էլ հայ են, գրում է ռուս սպա Վ. Կրիվոպուսկովը, որը Խորհրդային Միության ներքին գործերի նախարարության որպես հետաքննիչ գրասենյակի պետ ուղարկվել էր ղարաբաղյան հայերի ,խուլիկանությունըե կանխելու  (Վ. Կրիվոպուսկով, Խռովահույզ Ղարաբաղ):

Իրապես, Ղարաբաղի հայությունը ինքն էր արթնացել, ինքն էր որոշում իր ճակատագիրը եւ միայնակ դուրս էր եկել մի հսկա խորհրդային անընկճելի պետության դեմ պատերազմելու:

Նույնիսկ այսօր, երբ 25 տարիների հանդարտված կրքերի ու բռնկումների հեռավորությունից հայացք ենք նետում պատմական այդ եղելությանը, դեռ հրաշքի հավասար գնահատանք ենք տալիս մեր այդ հերոս ժողովրդի անսանձելի պոռթկումին, որը հայության հոգուց քերեց պարտվողի, մորթվողի, կորցնողի հոգեբանությունը:

Դարեր շարունակ բոլոր ժողովուրդները իրենց անկախացման պատմության մեջ ունեցել են իշխողների դեմ արթնացման պահեր, որով եւ տեր են կանգնել իրենց երկրին:

1988 փետրվար 20-ի Ղարաբաղի մեր ժողովրդի արթնացումը ստիպեց Լղիմ-ի մարզխորհրդին արտահերթ նստաշրջան գումարել եւ ստիպված` ընդունել իր ճակատագրի տերը դառնալու ժողովրդի վճռական որոշումը:

Սկսվեցին Սումկայիթի, Պաքվի կոտորած-տեղահանումները, բայց կրկին ժողովուրդը իր բզկտված վիճակով արդեն ելավ պատերազմով պաշտպանելու 1991-ի դեկտեմբեր 10-ին օրինական հանրաքվեով ստացած իր անկախությունը:  Բնականաբար թշնամին  հանգիստ չէր զիջելու այդպիսի մի հարուստ տարածք, որը ձրիաբար օգտագործում էր տասնամյակներ շարունակ, եւ նույն օրը Ստեփանակերտը հրթիռային հարուածների թիրախ դարձրեց` հարուածելով Շուշիից, Խոջալվից եւ մոտակա շրջաններից:

Արդյունքը բոլորիս պարզ է. հայության հավաքական ոգին, մեր ազատատենչ մարտիկները հայրենիքից եւ դրա սահմաններից դուրս, միանալով հերոս արցախահայությանը, ամենածանր պատերազմով, հարյուրավոր կորուստներով, աշխարհի օգնությունից, նրա անմիջական նեցուկ կանգնելուց հեռու, ետ նվաճեցին իրենց մայր հողը ազերի զավթիչներից: 

Ղարաբաղի հայությունը կրկին դարձավ իր հողի ու իրավունքի տերը, մինչեւ իսկ սրբագրեց թուրքականացրած իր անունը եւ աշխարհին ներկայացավ դարերից եկած իր անվամբ, որպես Արցախի անկախ պետություն, իր դրոշով, իր հիմնով, զինանշանով ու իր պետական համակարգով:

Անշուշտ, այս 25-ամյայ տարեդարձին չենք կարող անտեսել նաեւ այն փաստը, որ եթե մեր երկիրը իր անկախացման տարում ունենար  իրապես հայրենասեր ու հեռատես նախագահ, այսօր Արցախը միացած կլիներ իր մայր հողին: 

Այս առիթով ուզում եմ հավատալ, որ մեր մեջ իրապես կծնվի հայ Թոլսթոյը, որը չի վախենա ներկայացնելու մեր գործած սխալներն ու թերությունները, պատմության մեջ կարձանագրի՛ նաեւ այն ծախու անունները եւ թշնամու հետ նրանց գաղտնի գործակցությունն ու խոստումները, որոնք խանգարեցին Արցախի լիարժեք ազատագրմանն ու իր մայր հողի միասնական մասը կազմելուն: Կարծում եմ` միայն այդ դեպքում Զօրի Բալայանի ցանկացած տարեգրությունը իր իրական իմաստը կստանա:

Պատմության առջեւ անկեղծ լինելու համար պիտի խոստովանել նաեւ, որ զարմանալիորեն մեր հետագա, ծնունդով արցախցի եւ Արցախի ողջ պայքարը կազմակերպած ու ղեկավարած նախագահներն էլ չարդարացրին ո՛չ իրենց կոչումը, ո՛չ էլ ժողովրդի սպասումները: 

Չդարձան այն ղեկավարները, որոնք հարգեին ու պաշտպանեին իրենց երկրի ու ժողովրդի իրավունքներն ու շահերը եւ որպես բնիկ արցախցիներ ու նրա պայքարում կոփվածներ` ընդունակ չեղան ականջալուր լինելու, գոհացնելու ժողովրդի պահանջները, կիսելու նրանց դժվարությունները եւ ամենակարեւորը` միացնելու իրենց ազատագրած Արցախը մայր հողին, չկարողացան հայաստանցի-արցախցի ներքին անհանդուրժողականությունը վերացնել:

Չկարողացան, որպես թուրքի բռնության տակ հասակ առածներ, երկրի օրինագիծ դարձնել  մեր պահանջատիրությունը: Չկարողացան կասեցնել արտագաղթը, երկիրը դնել ճիշդ հիմքերի վրա:

Եւ բոլորովին պատահական չէ, որ արցախյան շարժման 25-րդ տարեդարձի օրը դարձավ մեր հայրենի ժողովրդի  20-ամյայ վախեցած, անտարբերության թմբիրից արթնացման օր նաեւ:  Վերջապես մեր ժողովուրդը կարողացավ , ոչ՛ ասել իրեն ամբողջովին արհամարհած իշխանությանը:

Շնչահեղձ ժողովուրդը կրկին արթնացել է եւ արթնացել է ոչ թե վերացական, անհայտ ապագայի, այլ որոշակի հայտով, որ չի խաբվելու եւ չի լռելու այլեւս կառավարության խաբեության առջեւ: Այսօր ժողովուրդը տեսնում է, որ ոչինչ ունի այլեւս կորցնելու:  Երկիրը դատարկվում է, իր զավակները հեռանում են աշխատանք գտնելու հույսով աշխարհի տարբեր անկյուններ, ընտանիքները կիսվում, քանդվում, բաժանվում են, յուրաքանչյուրը մի ինչ-որ տեղ է հեռանում ապրուստ գտնելու հույսով, անօրինությունն ու փտածությունը սարսափի տակ է պահում հասարակ ժողովրդին:

Այսքանից հետո ինչպե՞ս պարտադրես ժողովրդին լռել, ինչպե՞ս ականջալուր չլինես նրա պահանջներին:  Արցախյան շարժման 25-ամյակի փետրվարը գուցե եւ դառնա նաեւ մեր հայրենի ժողովրդի իրական ազատագրման օր:

Ողջ հայությունն այս օրերին ոչ միայն սրտի մեծ գոհունակությամբ է նշում ազատագրված Արցախի արթնացման պանծալի տարեդարձը, որը իր հողի վրա կերտելով իր պատմությունը` օրե օր հարստացնում է իր տարեգրությունը նորանոր նվաճումներով, այլեւ մեր հայրենի ժողովրդի կրկնակի արթնացման հիշարժան օր դառնում:

Հուսանք, որ մեր ազգային կուսակցությունները, որոնք ղեկավարել են միշտ մեր ժողովրդի արթնացումը, հեռատես ու հայանպաստ կեցուածքով օգնեն ժողովրդի արթնացման հաղթանակին, որ իշխանությունը վերջապես լսի իր ժողովրդի պահանջները:

Իշխողները հաճախ հիշելու են, որ ժողովուրդը երբեմն արթնանում է, եւ նրա արթնացումը սովորաբար քանդում, խորտակում է շատ ավելի ամուր, դարերով կանգուն թագավորություններ ու իշխանություններ:

ՄԱՐԻ ՌՈԶ ԱՊՈՒՍԵՖՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ