ՀՅԴ-ի ներկայացրած ամբողջական փաթեթը համակարգային փոփոխությո՞ւն է ենթադրում
“Դաշնակցությունը” ողջամիտ չի համարում ընդդիմության ներկայացուցիչների ներգրավմամբ համատեղ կառավարություն ստեղծելու միջոցով նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակի հանգուցալուծումը: Այս մասին քիչ առաջ պատասխանելով Henaran.am-ի հարցին, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
‘’Ես չեմ կարող մի բան կտրել ընդհանուր փաթեթից ու համարել ողջամիտ: Ես կարծում եմ, որ հարցը փաթեթային լուծում պետք է ունենա այս պարագայում, եւ այդ փաթեթը այն ամբողջական խնդիրներն են, որոնք մենք ներկայացրել ենք եւ մեր կարծիքով` ելք է ստեղծված վիճակից’’,- Henaran.am-ի հարցին, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, որ ՀՅԴ-ն շարժման վերաբերյալ իր մոտեցումները ներկայացրել է Րաֆֆի Հովհաննիսյանին եւ սպասում է ամբողջական քննարկման արդյունքում եզրահանգումների հասնել, ինչպես նաեւ ԱԺ նախագահի հետ ունեցած քննարկմանը:
‘’Հուսով եմ, որ եթե հաջողենք կոմպրոմիսի գալ, դրանից հաստատ կշահի թե ժողովուրդը, թե երկիրը, եւ մենք էլ ճիշտ ընթացքի մեջ կհայտնվենք’’: Դիտարկմանը` բացառո՞ւմ եք, որ “Ժառանգությունը” նոր ստեղծվող կառավարությունում պաշտոններ կունենա, Արմեն Ռուստամյանն ասաց` չի կարող որեւէ բան բացառել:
Մեր դիտարկմանը, թե եթե համագործակցության այն ձեւաչափը ընտրվի, որի մասին երեկ ակնարկեց ԱԺ նախագահը, ՀՅԴ-ն մասնակցություն կունենա՞, թե՞ ոչ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց.
’’Ես նորից եմ ասում, այն, ինչ մենք ենթադրում ենք ունենալ, դա ամբողջական փաթեթ է եւ այդտեղից առանձին բաներ հանելը նշանակում է, որ բանակցությունները հասել են ավարտին, հասել ենք ինչ-որ եզրահանգման, կանգնել ենք ոչ թե այս ամբողջական տեքստի կամ կետերի վրա, այլ դրանից մեկ-երկուսի վրա, որը ես չեմ կարծում, որ ճիշտ ճանապարհ է’’:
Դիտարկմանը, թե ՀՅԴ-ի ներկայացրած ամբողջական փաթեթն արդյո՞ք իշխանափոխություն է ենթադրում, Արմեն Ռուստամյանն ասաց, որ այն իրավիճակի լուրջ եւ կտրուկ փոփոխություններ եւ ընթացքի վերանայում է ենթադրում: