Արտահերթ ԱԺ ընտրություննե՞ր. Հովիկ Աբրահամյանի մոտ քննարկվում է ընդդիմության օրակարգը
Այս պահին խորհրդարանում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ընթանում է խորհրդարանական ընդդիմադիր “Ժառանգություն” եւ ՀՅԴ խմբակցությունների ղեկավարների եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալսուտ Սահակյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերն ամենայն հավանականությամբ կհստակեցնեն հետընտրական զարգացումները ԱԺ-ի շրջանակներում քննարկելու ձեւաչափը:
Henaran.am-ը արդեն տեղեկարցրել է, որ առաջարկվում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Ի դեպ, Ռուբեն Հակոբյանը ներկայացրել է այն օրակարգը, որն առաջարկվում է “Ժառանգության” եւ ՀՅԴ-ի կողմից:
Ըստ այդմ, խորհրդարանական ընդդիմությունը երեք հիմնական պահանջ է առաջադրում` ԸՕ արմատական փոփոխություն և 1 տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում, 2 տարվա ընթացքում խորհրդարանական համակարգին անցնելու հարցով սահմանադրական հանրաքվեի անցկացում և ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում: Կողմերը սպասում են ՀՀԿ-ի արձագանքին:
Ռուբեն Հակոբյանը քիչ առաջ, մինչ հանդիպման գնալը, կարծիք հայտնեց, որ բանակցություններն այսօր կավարտվեն: Henaran.am-ի հարցին, թե ինչպիսին կլինի “Ժառանգության” դիրքորոշումը, եթե վերը նշված երեք առաջարկություններն ամբողջությամբ չընդունվեն քաղաքական մեծամասնության կողմից, Ռուբեն Հակոբյանը հորդորեց սպասել.
’’Եկեք մեկ ժամ հետո խոսենք, ամեն ինչ շատ հստակ կներկայացնենք’’,-ասաց` չորոշակիացնելով փոխզիջումների հնարավորություն տեսնում է, թե ոչ:
Henaran.am-ի մյուս հարցին` արդյոք իշխանությունը կհամաձայնվի մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, Ռուբեն Հակոբյանն ասաց. ’’Ցանկությունը եւ մեր պահանջներից մեկը դա է’’: