18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառում Կահիրեում

Կահիրեի “Պըլըքտանյան” սրահում Եգիպտոսում ՀՀ դեսպանության եւ Հայոց Առաջնորդարանի համատեղ ջանքերով տեղի ունեցավ “Ցեղասպանությունից մինչեւ Սումգայիթ” խորագրով հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ջարդերի 25–րդ տարելիցին։

Բացման խոսքով հանդես եկավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը: Զուգահեռներ անցկացնելով Հայոց ցեղասպանության եւ սումգայիթյան ջարդերի միջեւ` ՀՀ դեսպանը մատնանշեց մարդկության նկատմամբ այդ հանցագործությունների օրգանական կապը եւ, որպես ընդհանրություն ընդգծեց, որ երկու դեպքում էլ իրական ոճրագործները մնացել են անպատիժ եւ չեն տրվել լիարժեք գնահատականներ:

Այնուհետեւ ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը եւ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, դոկտոր պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը։

Ռուբեն Սաֆրաստյանը, մասնավորապես, անդրադարձավ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հրեշավոր ծրագրի ծագման եւ զարգացման փուլերին` ընդհուպ մինչեւ իրագործում: Նա խոսեց այն վավերական փաստաթղթերի մասին, որոնք հաստատում են Հայոց ցեղասպանության` երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված լինելու փաստը:

Կարեն Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ ի պատասխան ԼՂԻՄ ազգաբնակչության ինքնորոշման օրինական պահանջի, Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները 1988թ. փետրվարին կազմակերպեցին եւ  իրագործեցին Սումգայիթի հայերի ջարդերը: Նա հավելեց, որ Սումգայիթը հայերի էթնիկական զտման ծրագրի միայն սկիզբն էր: Սումգայիթին հետեւեցին Բաքվի, Գանձակի, Մարաղայի եւ այլ բնակավայրերի հայերի ջարդերը։

Բանախոսները վերջում պատասխանեցին ներկաների բազմաբնույթ հարցերին։ Միջոցառման ընթացքում ցուցադրվեց բուլղարացի լրագրող եւ հրապարակախոս Ցվետանա Պասկալեւայի «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ֆիլմը։ Հանդիսությունը եզրափակվեց Կահիրեի Հայոց Թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի փակման խոսքով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ