“Արցախ՝ ի՛մ սեր, ի՛մ հպարտություն”. շարադրությունների մրցույթ
ՀՀ կրթության և գիտության նախարարության հանձնարարականով հանրապետության դպրոցներում փետրվարի 1-28-ը կազմակերպվում են բաց դասեր, հուշ-երեկոներ, դասախոսություններ՝ նվիրված ազգային ազատագրական շարժման և Սումգայիթի ջարդերի 25 ամյակին:
Միաժամանակ հայտարարվել է շարադրությունների մրցույթ “Արցախ՝ ի՛մ սեր, ի՛մ հպարտություն” թեմայով: Այդ շրջանակում հերթական ցերեկույթը այսօր տեղի է ունեցել Երևանի թիվ 190 ավագ դպրոցում, որին ներկա է եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Միջոցառման ավարտին նախարարը, շնորհակալություն է հայտնել ուսանողներին նորագույն պատմության այս շրջանը վերապրելու և յուրովի ներկայացնելու համար.
“Հայրենատիրության այն շարժումը, որը սկիզբ առավ 88 թվականին և որի համար մենք վճարեցինք մեր հազարավոր երիտասարդների ու քաղաքացիների կյանքով, այլևս կասեցնել հնարավոր չէ”,- իր խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարարը:
Նա նաև խոստացել է, որ միջացառման մասնակից 10 լավագույն աշակերտները ամռանը ՀՀ ԿԳՆ աջակցությամբ Արցախում եռօրյա հանգիստ անցկացնելու հնարավորություն կունենան: “Նախաձեռնելով բաց դասերի, քննարկումների և միջոցառումների մեկամսյակ՝ նախարարությունը նպատակ ունի 400 հազար հայ աշակերտների մեջ վառ պահել պատմական հիշողությունը, քանի որ հիշողությունը սոսկ անցյալ չէ, այն ապագայի հույսեր կառուցելու առաջին նախապայմանն է”,- շեշտել է նախարարը հավելել, որ արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումները Հայաստանի հանրապետության դպրոցներում շարունակվում են:
Ա. Աշոտյանը նշել է, որ “Արցախ՝ ի՛մ սեր, ի՛մ հպարտություն” թեմայով շարադրությունների մրցույթի արդյուները կամփոփվեն մարտին: