Կամ հարգեք ժողովրդի հաղթանակը կամ ռադ եղեք… Րաֆֆին պատասխանեց
“Ես իմ առաջարկներն արդեն արել եմ: Պատրաստ եմ լսել ցանկացած ողջամիտ առաջարկ պարոն Սարգսյանի կողմից”: Այսօր Քաջարանում լրագրողներին ասաց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարության, թե իրենք պատրաստ են քննարկել Հովհաննիսյանի ողջամիտ առաջարկները:
Մինչ այդ Հովհաննիսյանը ելույթ ունեցավ Քաջարանում: Նա նկատեց, որ հավաքվածները սակավաթիվ են եւ հարց հնչեցրեց. “Ոնց որ մեկը ձեզ ինչ-որ բան ասել է: Ես դրա գաղտնիքը երբ կիմանամ: Եվ եթե լինի մարզպետ, քաղաքապետ, գյուղապետ, պատասխան է տալու”:
Հովհաննիսյանը նշեց, որ եկել է շնորհակալություն հայտնելու քաջարանցիներին, որովհետեւ նրանք հավատացին իրեն, ինքն էլ հավատաց նրանց: Հովհաննիսյանը խորհուրդ տվեց իր մեջ եղած սերը չշփոթել թուլության հետ: “Կամ հարգեք ժողովրդի հաղթանակը կամ ռադ եղեք”,-հայտարարեց նա:
Քաջարանից “Ժառանգության” առաջնորդն ուղեւորվեց Կապան, որտեղ ցանկանում է հանդիպել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: