Արգամիչն` իր դեմ պատվիրատուներին
Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին լրագրողներից մեկը հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանի ազդեցությունն Արտաշատում, խնդրեց մեկնաբանել երեկ Արտաշատում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ արձանագրված միջադեպը, երբ ինչ-որ անձինք տեսանկարահանել են հանրահավաքի մասնակիցների դեմքերը:
’’Ինչու միայն Արտաշատը’’,-նախ նկատեց ԱԺ նախագահը` արձագանքելով հարցի` իր ազդեցությանն առնչվող հատվածին:
ԱԺ նախագահն ասաց, որ վերջին տարիներին ինքը այս տարածքում որեւէ վարչական լծակ չունի, սակայն նախորդ տարիներին իր աշխատանքի արդյունքում արժանացել է ժողովրդի ընդունելությանը.
’’Ես իննսունհինգին ընտրվել եմ պատգամավոր, այնուհետեւ քաղխորհրդի գործկոմի նախագահ, այնուհետեւ մարզպետ եմ աշխատել: Իրականությունը ձեզ ասեմ, որ դա իմ աշխատած տարիների ընթքացքում ժողովրդի վերաբերմունքն է, որ ժողովուրդն ինձ ընդունում է: Դուք կարող եք հանդիպել մարդկանց հետ, շատ քիչ դեպքեր են եղել, երբ մարդիկ ինձ դիմել են, եւ ես իրենց չեմ օգնել, իհարկե , իմ հնարավորության սահմաններում:
Սա է իրական պատկերը, թե չէ այլ բան, վախեցնել չկա: Րաֆֆի Հովհաննիսյանը Արտաշատում հայտարարեց, որ ես ոչ Հովիկից եմ վախենում … բայց մենք իրեն երբ ենք վախեցրել, որ ինքը վախենա կամ չվախենա’’:
ԱԺ նախագահն ասաց, որ երեւույթները չպետք է կապել մարդկանց հետ, մարդկանց վիրավորել, պետք է հաշտվել իրականության հետ: ‘’Եթե իրենք թույլ են տալիս իրենց համարել ընտրված նախագահ, դա ամեն ինչ ասում է, դա ասում է է իրենց զարմանքի մասին, իրենց քաղաքկական ոչ ճիշտ ոճի մասին’’:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կայքերից մեկում տեսել է, թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանին ուղեկցող երիտասարդը խփում նկարող երիտասարդին:
Լրագրողների խնդրանքով Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե ԱԺ նախագահի եղբայրը ծեծել է Արտաշատի քաղաքապետին: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք սա իրականությանը համապատասխանում է եւ արդյո՞ք Հովիկ Աբրահամյանն իր որդու համար ‘’աչք ունի’’ Արտաշատի քաղաքապետի աթոռի վրա,Աբրահամյանն արձագանքեց.
’’Ձեր հարցերը կոռեկտ չեն` աչք ունեք աթոռի վրա, չգիտեմ ինչ… Քաղաքապետին ծեծելու մասին քաղաքապետը եւ այն մարդիկ, ովքեր առնչվում են, տվել են մեկնաբանություն: Ինչ վերաբերվում է քաղաքապետի աթոռի վրա աչքին, էդպիսի բան չկա եւ որեւէ աթոռի վրա, որեւէ մեկը որեւէ աչք չունի: Ես գտնում եմ, որ դա հերյուրանք է’’:
ԱԺ նախագահն ասաց, թե պարապ մարդիկ պարապ գործով են զբաղվում: ’’Եթե ժողովրդին չեն կարողանում օգուտ տան, լավ կլինի, որ իրենց ֆինանսական ծախսերն իրենց ընտանիքների վրա ուղղեն եւ փորձեն իրենց ընտանիքի բարեկեցությունը լավացնել’’,-նշեց Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ այս խոսքերն ուղղում է մամուլում իր դեմ հրապարակումների պատվիրատուներին: