“Անցյալ անգամ մարտի 1 եղավ, այս անգամ էլ է նույնը լինելու” /ֆոտո/
“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այցելեց Սուրենավան, որտեղ ընտրություններին ձայների քանակով առաջինն է:
Այստեղ մոտ 70 հոգի էին մասնակցում նրա հետ հանդիպմանը: “Բարեւ, հաղթական Սուրենավան: Այստեղ ժողովուրդը եւս հաղթել է: 2 ամիս առաջ ոչ ոք չէր հավատում այս հաղթանակին, սակայն այն կայացավ”,-հայտարարեց Հովհաննիսյանը: Արարատի մարզում վերջացնելով իր “բարեւային” հանդիպումները Հովհաննիսյանը մեկնեց Վայոց ձոր, որտեղ առաջին կանգառն Արենին էր:
“Բարության շարժում է սա, փոփոխության ժամանակաշրջան է, եւ Արենին եւս մեզ հետ հաղթանակեց”: Այսպես Րաֆֆին սկսեց իր հանդիպումը: Նա շնորհակալություն հայտնեց իրեն ընտրելու համար: Ներկաներից մեկը հարցրեց, թե “ինչի են հանգեցնելու այս ցույցերը”:
“Դուք սա ցույց եք անվանում: Այստեղ ցույց չկա, այստեղ ժողովրդի հաղթանակն է: Այստեղ բարեւն է: Բարեւ Արենի”,-պատասխանեց Հովհաննիսյանը: Նրա հեռանալուց հետո գյուղացիներն սկսեցին քննարկել հետընտրական զարգացումները:
“Անցյալ անգամ մարտի 1 եղավ, այս անգամ էլ է նույնը լինելու”,-նշեց կանանցից մեկը: “Ժառանգության” անդամ Ստեփան Սաֆարյանը պատասխանեց, որ նման բան չի կրկնվելու: