Բարեւ, սիրելի հեղափոխականներ… ”բարեւ”-ը խորհրդարան մտավ
ԱԺ հայտարարությունների ժամը մեկնարկեց: Ինչպես կարելի էր կանխատեսել, պատգամավորների հայտարարությունների հիմնական մասն առնչվում է փետրվարի տասնութին կայացած նախագահական ընտրություններին:
Առայժմ ելույթ են ունեցել միայն ընդդիմադիր պատգամավորները: ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավորները հատուկ շեշտադրված ‘’բարեւ’’-ով են սկսում իրենց հայտարարությունները:
Զարուհի Փոստանջյանը, մասնավորապես ԱԺ դահլիճին դիմեց.’’Բարեւ, սիրելի հեղափոխականներ”:
Փոստանջյանի հայտարարությունը` ստորեւ
.
Իմ այսօրվա հայտարարությունում մեջբերում եմ արել Լևոն Խեչոյանի “Արշակ Արքա, Դրաստամատ ներքինի” վեպից:
“Թագը ժողովուրդ է, ժողովուրդը` հող, հողը՝ թագավոր: Իսկ լավ թագավորը՝ ժողովրդի արաժանապատվությունը:”
Սիրելի´ հայ ժողովուրդ, փետրվարի 18-ին դու ապացուցեցիր, որ ունես արժանապատվություն:
Սիրելի´ հայ ժողովուրդ, փետրվարի 18-ին դու կրկին ներկայացրեցիր Աստծո կողմից քեզ տրված հայկական բարձրավանդակի նկատմամբ քեզ լիարժեք պատկանող իրավատիրության և հայրենատիրության հայտը:
Խեչոյանը շարունակում է. “Մեր հարևան տերությունները, երբ ցանկացել են ճզմել, ցածրացրել և արհամարել են մեր թագավորներին`մեր ժողովրդին, մեր հողը, մեր արժանապատվությունը: Միայն Տիգրան Մեծի խորաթափանց միտքն ու հզոր բազուկն էր, որ աշխարհի դրամի մեջ զրնգուն շառաչով մտցրեց հայկական թագի պատկերը:
Նրանից հետո, այս էլ քանի դար, մի լումա անգամ չկարողացան կտրել մեր թագավորները: Որովհետև դրամ կտրելը հողագնդի վրա արժանապատվություն և անկախություն էր նշանակում: Երբ ցանկացել են՝ քո թագավորներին նաև շպրտել են գահից, մորթել և գերեվարել են”,- մեջբերման ավարտը:
Տարիներ շարունակ մենք ականատեսն ենք, թե ինչպես մեր ժողովրդին, որն ունի արժանապատվություն այս կամ այն տերության հանցակցությամբ, թույլ չեն տվել իրացնել իր երկրում թագավոր լինելու իր իրավունքը, ականատես ենք նաև, որ մեզ սպանել և բանտարկել են: Կրկին այս կամ այն տերության մասնակցությամբ և հանցակցությամբ տեղի է ունենում փորձ օտարել մեզանից մեր երկրում թագավոր լինելու մեր իրավունքը և իրավազորությունը:
Սակայն պետք է այս կամ այն տերության հանցակից մասնակիցներին իրազեկենք, որ այս անգամ ձեր ջանքերը` Սերժ Սարգսյանին կարգելու ՀՀ նախագահ, դատապարտված են և ապարդյուն:
Թող որևէ մեկը չկասկածի հայ ժողովրդի կամքի և հավատի հաստատակամության մեջ:
Մենք կարճ չենք մտածում և հեռուն չենք անտեսում: Մենք զինված ենք համառ համբերությամբ, առյուծին բնորոշ զոհաբերությամբ և նվիրվածությամբ, մեր հազարամյա հայակական վիշապների իմաստությամբ և մեր լեռների տիրակալ հայակական արծվի սրատեսությամբ, որի արդյունքում ճշմարտությունը նվաճելու է մեր Հայրենիքի բոլոր տաճարները:
Մեր ժողովուրդը և հայրենիքը կանչում է:
Լավագույն տղերքը վերդարնում են, իսկ սիրելի կանայք նոր հույս են գտնում մեր հայրենիքում:
Հայկական հազարամյակների անցյալը, ներկան և ապագան բոլորիս պարտադրում է սիրել, ապրել և պատերազմել մեր “Թագի` ժողովուրդի, մեր ժողովուրդի՝ մեր հողի, մեր հողի՝ մեր թագավորի: Մեր լավ թագավորի՝ ժողովրդի արաժանապատվության համար”: