16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արցախյան շարժման 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Կանադայում եւ Լիբանանում

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ Հայ Յեղափոխական Դաշնակցության Կանադայի Կենտրոնական Կոմիտեի կողմից կանադական Մոնրեալ եւ Տորոնտո քաղաքներում համապատասխանաբար փետրվարի 22-ին եւ 23-ին կազմակերպվեցին միջոցառումներ` նվիրված Արցախյան շարժման 25-ամյա հոբելյանին:

Միջոցառումներին մասնակցելու նպատակով Կանադա էր ժամանել ՀՅԴ Արցախի կազմի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ով իր ելույթով հանգամանալից ներկայացրեց Ղարաբաղյան շարժման պատմությունը:

Կազմակերպված երկու խոշոր միջոցառումներին մասնակցեցին շուրջ 600-ական հյուրեր:

Փետրվարի 21-25-ը Լիբանանում եւս անցկացվեցին մի շարք միջոցառումներ` նվիրված Արցախյան շարժման 25-ամյակին:

Միջոցառումները մեկնարկեցին փետրվարի 21-ին: Բուրջ Համուդի “Երջո Սամվելյան Եռագույն” սրահում կազմակերպվեց ցուցահանդես, որի հանդիսավոր բացումը կատարեցին Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մերձավոր Արեւելքում ԼՂՀ ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը,  Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սապունջյանը: Ցուցադրվեցին Արցախի առօրյան ներկայացնող լուսանկարներ, ինչպես նաեւ Սեյրան Խաթլամաճյանի` նահատակ հերոսների դիմանկարները:

Փետրվարի 22-ին “Հովհաննես Պողոսյան” թատերասրահում տեղի ունեցավ ազգային-հեղափոխական երգերի փառատոն: Երգի փառատոնին ներկա էին հարյուրավոր երիտասարդներ եւ պատանիներ: Փառատոնին ելույթ ունեցան լիբանանահայ երիտասարդ երգիչներ եւ պարախմբեր, հնչեցին հայրենասիրական երգեր:

Փետրվարի 24-ին Այնճար հայաբնակ ավանի Սուրբ Պողոս եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ եւ տեղի ունեցավ Արցախի ազատագրական պայքարում զոհված ազատամարտիկների հոգեհանգստի արարողություն։ Պատարագը մատուցեց  Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը:

Մուսա լեռան հերոսների հուշարձանին ծաղկեպսակի զետեղման արարողությունից հետո Գյուլբեկյան սրահում կազմակերպվեց հանդիպում բուլղարացի հանրահայտ լրագրող Ցվետանա Պասկալեւայի հետ: Նա ներկաներին ներկայացրեց “Ղարաբաղի վերքերը” վավերագրական ժապավենները, պատասխանեց այնճարցիների հարցերին: Միջոցառմանը ներկա էին Այնճարի քաղաքապետը, Լիբանանում ՀՀ դեսպանության եւ ԼՂՀ ներկայացուցիչները, “Կարմիր լեռ” կոմիտեի անդամները, Այնճարի բնակիչները:

Ցվետանա Պասկալեւայի հետ հաջորդ հանդիպումը կազմակերպվեց Բուրջ Համուդի “Տեր Մելքոնյան” սրահում փետրվարի 25-ին: Հեղինակը ներկայացրեց մանրամասներ մարտի դաշտում արված նկարահանումների մասին: Ցուցադրվեցին “Ղարաբաղի վերքերը” վավերագրական ժապավենները, ինչպես նաեւ ֆիլմ այսօրվա Արցախի մասին: Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը Պասկալեւային պարգեւատրեց Բեյրութի առաջնորդարանի բարձրագույն պարգեւով՝ “Խրիմյան Հայրիկ” մեդալով: Լիբանանի հայոց թեմի առաջնորդն ու ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը բուլղարացի լրագրողին շնորհավորեցին արժանացած բարձր պարգեւի համար եւ ընդգծեցին Պասկալեւայի կատարած հերոսական աշխատանքի կարեւորությունը համաշխարհային հանրությանը ԼՂ հակամարտության մասին ճշմարտությունը եւ պատմական փաստերը ներկայացնելու համար: Հանդիպմանը ներկա էին պաշտոնյաներ, Մերձավոր Արեւելքում ԼՂՀ ներկայացուցիչը, ինչպես նաեւ Բուրջ Համուդի քաղաքապետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ