Պատասխանատվություն եւ “Քեմրի` պադավատ” …. Շարմազանովն` իր պաշտոնանկության մասին
Վերջին պաշտոնանկությունները որեւէ կապ չունեն ընտրությունների ընթացքում ՀՀԿ թեկնածուի հավաքած ձայների հետ: Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ սա ընդամենը պատահականություն է: ‘’Ես չեմ կարծում, որ մենք պետք է գնանք երեսունյոթ թվի ճանապարհով: Ինչ է նշանակում դա: Ես ընդհանրապես այդ հարցի փիլիսոփայության հետ համաձայն չեմ, որ պետք է հրաժարական տան այն քաղաքապետները կամ մարզպետները, որտեղ մեր թեկնածուն քիչ ձայն է հավաքել’’:
Հիշեցնենք, Հայաստանում կայացած նախագահական ընտրություններից հետո հրաժարական տվեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, որին հաջորդեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունը, այնուհետ հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել նաեւ Արմավիրի քաղաքապետը:
Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով հետագա պաշտոնանկությունների հնարավորությանը, աաց, որ խոսակցություններն ու բամբասանքները չի մեկանաբնում: ‘’Հայաստանում պաշտոնանկությունների շքերթ չկա’’,-նշեց ԱԺ փոխխոսնակը եւ հավելեց.
’’ Հրաժարականներից մի զարմացեք, քաղաքականությունը կենդանի պրոցես է: Մի օր էլ կարող է իմանաք, որ ես եմ հրաժարական տվել, որեւէ մեկը ապահովագրված չէ’’:
Շարմազանովը նշեց, որ փոփոխություններ պետք է սպասել: Նա հավելեց, որ մեկ ամսից օրենքով սահմանված կարգով կառավարությունը հրաժարական կտա: ՀՀԿ խոսնակը հրաժարվեց մեկնաբանել վարչապետի փոփոխության մասին շրջանառվող տեղեկությունները:
Ինչ վերաբերվում է հարցին, արդյոք խորհրդարանի ղեկավար կազմում հրաժարականներ կլինեն, Էդուարդ Շարմազանովն ասաց.
’’Օրակարգում նման հարց չկա: Նախ ասեմ, որ իմ երկու գործընկերները շատ լավ իրականացնում են իրենց պարտականությունները, բայց ես իմ մասին կարող եմ խոսել` ես թիմային խաղացող եմ, թիմը ինչ կորոշի, ես այդպես էլ կվարվեմ: Այնպես չէ, որ Շարմազանովը պաշտոնից կառչած է: Այս պաշտոնում ինձ համար միայն պատասխանատվությունն է ավելացել, ուրիշ ոչ մի բան, մեկ էլ մի հատ Քեմրի ավտոմեքենա` պադավատ’’: