ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորում է ՀՀ նախագահին
ԱՄՆ նորընտիր պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապացությամբ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը, Քերին իր ուղերձում մասնավորապես ասել է.
“Հարգելի՛ պարոն Նախագահ,
Շնորհավորում եմ Ձեզ վերընտրվելու կապակցությամբ:
Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները զարգացրեցին 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված միտումները, եւ ես ուրախ եմ, որ լրատվամիջոցները քարոզարշավի հավասարակշռված լուսաբանում են ապահովել:
Համաձայն եմ նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական եզրակացությունների հետ, որ ընտրությունները ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված՝ հիմնարար ազատությունների պահպանմամբ, թեպետ դեռեւս որոշ աշխատանք է մնում կատարելու:
Առաջ շարժվելով Հայաստանը, հուսով եմ, կշարունակի ավելացնել թափանցիկությունը, խրախուսել բազմակարծությունը հիմնական լրատվամիջոցներով եւ քաջալերել քաղաքացիների ակտիվ մասնակցությունը բարեփոխումներին ու կառավարմանը, ինչպես նաեւ լուծել ԵԱՀԿ կողմից բարձրացված մնացյալ խնդիրները:
Ձեր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում հուսով եմ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին կաշխատեն՝ առաջ մղելու ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումները, որոնք էական են աճող երկկողմ առեւտրի եւ ներդրումների համար: Ես նաեւ մնում եմ հանձնառու օգնելու ձեր երկրին՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ բանակցային լուծում եւ խնդրում եմ Ձեզ, որպեսզի այսուհետ եւս Մինսկի խմբի համանախագահներին ցուցաբերեք Ձեր լիակատար աջակցությունը:
Մենք չենք կարող բավարարվել ստատուս քվոյի պահպանմամբ, մենք պետք է օգտագործենք այս ժամանակահատվածը՝ խաղաղ գործընթացին նշանակալի աջակցություն ապահովելու համար:
Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդի՝ ամրապնդելու մեր երկրների միջեւ վաղեմի կապերը եւ պատմական բարեկամությունը”: