09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նկարելով լիներ, ամեն տեղ էլ կնկարեին

Եվ այսպես, ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները` կատարելով օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը, այդ թվում` վերահաշվարկի ենթարկելով այն 3 տեղամասերի արդյունքները, որոնց վերաբերյալ կային վերահաշվարկի դիմումներ: Մենք տեսանք, որ վերահաշվարկից հետո էլ որեւէ փոփոխություն տեղի չունեցավ` ընդամենը մի քանի քվեաթերթիկի տարբերություն:

Թեեւ սկզբնական տեղեկատվությունը` այն է`1988 տեղամասերից միայն 3-ի վերաբերյալ վերահաշվարկի դիմում, վստահված անձերի կողմից ընդամենը 121 կազմած արձանագրություն, բոլոր 1988 տեղամասերի հանձնաժողովների արձանագրությունների ստորագրված լինելը հանձնաժողովների բոլոր /անխտիր/ անդամների կողմից, անգամ որեւէ տեղամասում հատուկ կարծիք չլինելը, այս ամենը արդեն խոսում էր այն մասին, որ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից տարած հաղթանակը աներկբա է եւ կասկածի տեղիք չի տալիս:

Սակայն, Հանրապետականներս հավատարիմ մնացինք մեր կողմից ստանձնած պարտավորությանը` բոլոր գործընթացներում պահպանել օրենքի տառը եւ ոգին եւ համբերատար ու բարեկրթորեն սպասեցինք օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերին, ի հակառակ նրան, որ արդեն իսկ ընտրության օրը, դեռ ընտրությունը չավարտված, հակառակորդ ճամբարից հնչեց 80%-ով ընտրվելու մասին միտքը, որը հետագայում դարձավ գլխավոր ռեֆրենը:

Մեծ հարգանքով վերաբերվելով Րաֆֆի Հովհաննիսյանին, “Ժառանգություն” կուսակցության մեր գործընկերներին, այնուամենայնիվ,  չենք կիսում նման մոտեցումը: Այո, Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին է քվեարկել ընտրազանգվածի 38,75%-ը` այդքան եւ հենց այդքան:Ոչ 80%, ոչ 51%, եւ ոչ էլ անգամ 50% + 1 ձայն: Բայց ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ընտրական մշակույթ սերմանող մեր գործընկերը , թերեւս, բոլորից լավ գիտի, որ նույն Արեւմուտքում 1 ձայնի առավելությամբ ընտրվածին անգամ շնորհավորում են հաղթանակի համար: Իսկ մեզ մոտ ամերիկյան տեխնոլոգիայով ընտրությունը հայկական տարբերակով է ավարտվում:

Մի բան պարզ է բոլորին` մեր երկրում այսօր, իսկապես, լուրջ խնդիրներ կան`սոցիալ-տնտեսական, իրավական, բարոյահոգեբանական եւ այլն: Այդ խնդիրները պատճառ են դառնում ժողովրդի մի մասի դժգոհության համար, որն արտահայտվում է ընտրության ժամանակ: Մեզ տեսանելի են այդ խնդիրները, դրանց ուղղությամբ մենք լրջորեն աշխատում ենք եւ մեր ծրագրերի բաղկացուցիչ մասը հենց դրանք են:

Հայտնի է նաեւ, որ ընտրությունից ընտրություն միջինում 35-45%  ընդդիմադիր  էլեկտորատ կա, որ այս ընտրություններում ընդդիմադիր առաջատարների պայքարին չմասնակցելու պարագայում այդ ձայները կենտրոնացվեցին Րաֆֆի Հեվհաննիսյանի օգտին:

Նշեմ, որ դեռ առաջադրման փուլում կատարած մեր վերլուծականներում մենք արձանագրել էինք, որ քաղաքական դաշտի զարգացման որոշակի շրջափուլում ենք գտնվում եւ ընդդիմադիր բեւեռում փոփոխություններ են կատարվելու, քանի որ հարթակը բաց է եւ մրցակցությունը  կգնա առաջնորդի թափուր աթոռի  եւ ընդդիմադիր առաջատար ուժի տիտղոսի համար, ինչը եւ կատարվեց մեր աչքերի առաջ`Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրարշավի ընթացքում կարողացավ իր շուրջը համախմբել այդ ներուժը:

Սա է ամբողջը: Ոչ զարմանալու, ոչ տարակուսելու պատճառ չկա: Հակառակը, իշխանությունը այս ընտրություններում պակասեցրել է այդ ընտրազանգվածի ծավալը, քանզի նախորդ ընտրությունների 52,8%-ի փոխարեն, այսօր 58, 64% է հավաքել: Այն էլ բացառապես օրինավոր ընտրությունների արդյունքում, քանզի, ինչպես եւ 2012 թվականի մայիսյան ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա որեւէ էական ընտրախախտումի, ընտրակաշառքի, կեղծիքի եւ այլնի փաստ չներկայացվեց որեւէ մեկի կողմից:

Իներցիայով կրկնում էին նույն բառակապակցությունները` մասսայական խախտումներ, մասսայական կեղծիքներ: Սակայն այդ “մանտրան” այլեւս չի տպավորում, քանզի իսկապես մերկապարանոց պնդումներ են:

Հենց այն ցուցանիշները, որոնց մասին խոսում են մեր ընդդիմադիր գործընկերները` այս կամ այն բնակավայրում, քաղաքում, մարզկենտրոնում եւ այլն, լավագույնս ապացուցում են, որ ընթացել է իրական թեժ, բայց օրինական պայքար: Այլապես, եթե, ինչպես նախկինում էին ասում` թիվ նկարելով լիներ, ամեն տեղ էլ կնկարեին:

Հերմինե Նաղդալյան, ԱԺ փոխնախագահ

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ