Բարոզոն շնորհավորել է
Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:
“Հարգելի՛ պարոն Նախագահ,
Եվրոպական հանձնաժողովի անունից կցանկանայի Ձեզ փոխանցել շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ:
Եվրոպական հանձնաժողովն ակնկալում է շարունակել զարգացնել եւ ամրապնդել հարաբերությունները ձեր երկրի հետ` ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի, ներառյալ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների եւ հարակից ասոցացման օրակարգի համատեքստում: Ինչպես գիտեք, մենք հանձնառու ենք նաեւ ընդլայնելու շարժունակությունը եւ միջմարդկային շփումները Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ` այս ուղղությամբ որպես առաջին կարեւոր քայլ ունենալով անցյալ տարի բանակցված մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը:
Ողջունում եմ Ձեր պաշտոնավարման առաջին ժամկետում ձեռնարկված բարեփոխումների գործընթացը եւ՛ հիմնարար արժեքների ամրապնդելուն ուղղված քայլերի, եւ՛ տնտեսական ու ոլորտային բարեփոխումների առումով: Եվրոպական Հանձնաժողովն ակնկալում է աջակցել Հայաստանին շարունակելու եւ ակտիվացնելու այս բարեփոխումները` ապահովելու ապագա ասոցացման համաձայնագրի սահուն իրականացումը եւ շոշափելի օգուտներ բերելու Հայաստանի քաղաքացիներին:
Ես ողջունում եմ ընտրությունների բարելավված անցկացումը եւ ժողովրդավարական գործընթացը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ջանքերում հավելյալ առաջընթացը: Քաջալերում եմ Ձեզ համընդգրկուն եւ թափանցիկ կերպով անդրադառնալ մնացյալ հարցերին, որոնք մասնավորապես բարձրացվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից:
Վստահեցնում եմ Ձեզ այս բոլոր նախաձեռնություններում իմ ունեցած անձնական մեծ շահագրգռվածության եւ մեր հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում իմ հանձնառության մասին”,-ասված է Եվրոպական հանձնաժողովի նախագահի շնորհավորական ուղերձում: