ԲՀԿ-ին չեն կանչել
ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչներին չեն կանչել ԱԺն նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր կայացած քննարկմանը, որի ժամանակ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, առաջարկ է հնչել ԱԺ արտահերթ նիստ հրավիրել եւ քննարկել նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակը:
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը:
‘’Դուք ինքներդ գիտեք, որ նիստի ժամանակ պայմանավորվածություն ստեղծվեց, որ բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները մասնակցեն այդ խորհրդակցությանը եւ քննարկեն այն պրոցեսները, որոնք ընթանում են: Մենք չենք մասնակցել խորհրդակցությանը, որովհետեւ խորհրդակցության մասին մեր խմբակցությունը տեղյակ չի եղել’’,-ասաց Էլինար Վարդանյանը:
Նա նշեց, թե տեղյակ չէ, թե ինչ տարբերակներ են առաջարկվել այդ խորհրդակցության ժամանակ եւ նկատեց, որ չի ցանկանում մեղավորներ փնտրել, թե ինչու ԲՀԿ-ն չի մասնակցել: ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ԲՀԿ-ն այս հարցում իր վերջնական տեսակետը կարտահայտի, բոլոր առաջարկներին ծանոթանալուց հետո միայն:
Հիշեցնենք, ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած քննարկմանը ներկա են եղել ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: