Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի “Պատարագը” հնչեց Թբիլիսիում
Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական դասարանի ուսանող Հովհաննես Համբարձումյանը ընտանիքում հաճախ էր ականջալուր լինում Հայոց մեծ ցեղասպանության մասին զրույցներին և տպավորվում այն տառապալից ուղու արհավիրքներից, որով անցել են մազապուրծ փրկված նրա նախնիները:
Պատանեկության տարիներից ազգի ցավից տպավորված երիտասարդի հոգում օր-օրի կուտակվում էր երաժշտության միջոցով իր բողոքն արտահայտելու ցանկությունը: Եվ ահա Հովհաննես Թումանյանի “Սիրտ” քառյակը դարձավ այն թեման, որի հիման վրա երիտասարդ երգահանը գրեց իր “Պատարագը”՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը:
“Պատարագի” պրեմիերան տեղի ունեցավ 2012 թվականին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Այս ստեղծագործությունը վերստին հնչեց արդեն Փարիզի չորս տարբեր տաճարներում, այդ թվում հայկական կաթոլիկական եկեղեցում:
“Պատարագն” ընթանում էր Ռիտա Ղազարյանի դիրիժորությամբ, երգչախմբի մասնակցությամբ, արտիստնրն էին Հովհաննես Համբարձումյանը, Տիերի Գասսեն, Մարիամ Բուլլոն: Տպավորությունն այնքան մեծ էր, որ հեղինակը հրավեր ստացավ «Պատարագը» կրկին Ֆրանսիայում հնչեցնել ավելի մեծ լսարանի առջև: Դա տեղի կունենա հունիս ամսին:
Երաժշտական տարբեր մրցույթների դափնեկիր, դաշնամուրային և կամերային ժանրերում գործող Հովհաննես Համբարձումյանի “Պատարագը” մեծ ժանրի ստեղծագործություն է: Այն ընթանում է նվագախմբի, խառը երգչախմբի, երգեհոնի, ալտայի ուղեկցությամբ: Հեղինակի գերագույն ցանկությունն է “Պատարագը” հնչեցնել Հայաստանում, Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի օրը: