26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գրիգորի մեծագույն երազանքը Հայաստանում հաստատվելն է

29-ամյա լիբանանահայ Գրիգոր Տարագճյանը ապրում ու ստեղծագործում է Լիբանանում։ Ասում է՝ երազում է վերջնականապես հաստատվել Հայաստանում։

Henaran.am-ի հետ զրույցում Գրիգորը պատմեց, որ արդեն երկու անգամ եղել է Հայաստանում։
«Առաջին անգամ Հայաստան եկա 2014-ին։ Այդ ժամանակ Հայաստանում մնացի ընդամենը 4 օր՝ ֆինանսական խնդիրների պատճառով, թե չէ՝ կուզեի ավելի շատ մնալ։ Մի անգամ էլ 2015-ին եկա Հայաստան։ Այդ ժամանակ 17 օր մնացի։ Հայաստանը շատ սիրեցի։ Երբ արդեն Լիբանան պիտի գնայի, օդանավակայանի ճանապարհին անընդհատ ուզում էի տաքսու վարորդին խնդրել, որ կանգնի․ վարանում էի։ Չէի ուզում հեռանալ Հայաստանից, բայց ինչ արած․․․ Վերադարձա Լիբանան։ Այդուհանդերձ, իմ երազանքն է ապրել Հայաստանում»։

Գրիգորը մասնագիտությամբ ոսկերիչ է։ Ասում է՝ ոսկերչությունը համբերության արվեստ է։ Նա սովորել է Վահան Թեքեյանի անունը կրող վարժարանում, ապա՝ Հովակիմյան-Մանուկյան վարժարանում։

2012 թվականին Գրիգորը սկսել է բանաստեղծություններ գրել։ Արդեն իսկ հասցրել է մի գիրք տպագրել՝ «Եթե երկու սիրտ ունենամ անգամ, քեզ եմ սիրելու» խորագրով։ Գրիգորի գիրքը տպագրվել է Հայաստանում։ Ասում է՝ շատ է ջանք թափել բավականաչափ գումար հավաքելու ու գիրքը տպագրելու համար։ Նրա ստեղծագործությունները լույս են տեսել Հայաստանում լույս տեսնող «Վերնատուն», և Լիբանանում տպագրվող «Արծիվ» պարբերականներում։
«Գիրքս տպագրվեց 2015-ին, երբ երկրորդ անգամ էի գտնվում Հայաստանում», -նշեց Գրիգորը։

Խոսելով հայեցի դաստիարակության մասին՝ Գրիգորն ընդգծեց, որ ինքը մեծացել է հավատացյալ ու աստվածավախ ընտանիքում։ «Դեռ մանկուց ծնողներս մեզ դաստիարակել են հայեցի։ Դեռ փոքր էինք, բայց գիտեինք բազմաթիվ հայրենասիրական երգեր ու մեր պատմության էջերից փառահեղ դեպքեր։ Մենք ապրում ենք մեր հայրենիքից հեռու, բայց հայ ոգով։ Քույրերիս ու եղբայրներիս անուններն էլ են հայկական՝ Նվարդ, Արտաշես, Սևակ, Սևան։ Մեր ընտանիքում, և առհասարակ, այստեղի հայ համայնքում շատ է կարևորվում հայապահպանության գործոնը»։

Գրիգորը նշեց, որ Լիբանանում հայապահպանության գործում անուրանալի է նաև հայոց դպրոցների ու վարժարանների դերը, քանի որ այնտեղ երեխային դեռ մանկուց սովորեցնում են սիրել, պաշտել հայրենիքը, այն հայրենիքը, որտեղ թեև չեն եղել իրենք, բայց սիրում են ու կարոտում։

«Արդեն իսկ կա բանաստեղծական ատաղձ, պատրաստի ստեղծագործություններ կան։ Ծրագրում եմ շուտով Հայաստան գալ, տպագրել գիրքս։ Կյանքիս մեծագույն երազանքներից մեկն է՝ գալ Հայաստան ու ապրել այդ դրախտավայրում։ Ապրում եմ Հայաստանից հեռու, բայց Հայաստանն իմ մեջ է, իմ արյան մեջ», – ասաց Գրիգորը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ