Դասադուլը ուսանողների իրավունքների շրջանակում է գտնվում. Արտակ Դավթյան
Ուղիղ քսանհինգ տարի առաջ ինքս եմ մասնակցել դասադուլների շքերթի: Սակայն այժմ իրողությունն այլ է: Նման դիրքորոշում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը` անդրադառնալով այսօր տեղի ունեցած դասադուլին:
“Կարծում եմ դասադուլով որոշակի քաղաքական պահանջներ են ներկայացնում: Համենայնդեպս, ուսանողների իրավունքների շրջանակներում է գտնվում և այն ինչը սահմանադրական իրավունքների շրջանակներում է, պիտի որոշակի հարգանքով մոտենալ:
Սակայն կարծում եմ, որ այս պահին իրողություններն էին տարբեր այն ժամանակավա համեմատ: Այն ժամանակ մենք մեր ասելիքը ուրիշ ձևով չէինք կարող արտահայտել, իսկ այսօր ասելիքը արտահայտելու բազմաթիվ եղանակներ, միջոցներ կան”,-ասաց բանախոսը:
Նրա խոսքով, եթե դասադուլը պատճառ է, որ ուսանողները դասերին չհաճախեն, և այդ չհաճախումները քողարկեն ինչ-ինչ քաղաքական հարցադրումներով, սա անընդունելի է միանշանակ:
“Բայց եթե ուսանողները համոզված են իրենց ճշմարտացիության մեջ և այդ ճշմարտությունը այլ եղանակով լսելի դարձնելու հնարավորություն չունեն, որն այս իրողությունում այդպիսին չէ, ապա ինչ խոսք, պայքարի , իրենց ասելիքը ներկայացնելու ցանկացած ձև մենք ուղղակի պետք է ընդունենք որպես կարծիք արտահայտելու միջոց”,-նշեց ԱԺ պատգամավորը:
Արտակ Դավթյանի խոսքով, լինելով դասախոս, չի նկատել, որ մեծ թվով ուսանողներ բացակայեն. “Օրինակ`ուրբաթ օրը իմ ուսանողները նորմալ հաճախել են դասաժամերին: Եթե ուսանողները ունեն ասելիք, թող փորձեն դասաժամերից դուրս դա անել: Այնպես չէ, որ իրենք ասելիք ունեն և չեն կարողանում դա հասանելի դարձնել”: