Սերժ Սարգսյանը փրկեց երազախաբ եղած Րաֆֆու դեմքը
“Սովորաբար պարտվողներին չեն սիրում: Այն էլ այն դեպքում, երբ պարտվողը իր ձայները հավաքել է մյուս ուժերից: Դա ավելի շատ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, քան Սերժ Սարգսյանին”,-նման տեսակետ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական վարկանիշը տարիներ շարունակ կազմում է 8-10%: “Եթե նոր ԱԺ ընտրություններ հայտարարվեին, եւ նրան մասնակցեն բոլոր քաղաքական ուժերը, Րաֆֆի Հովհաննիսյանը կստանար 7-8%: Այս առումով Սերժ Սարգսյանը փրկեց Րաֆֆի Հովհաննիսյանի դեմքը, եւ վերջինս պատմության մեջ կմնա որպես ամենից շատ ձայն հավաքած թեկնածուն` երկրորդ տեղ գրաված թեկնածուների մեջ”,-ասաց նա:
Ահարոն Ադիբեկյանին զարմացնում է այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, ծանոթ լինելով արեւմտյան մեթոդներին, արհամարհում է լուրջ սոցիոլոգիական հարցումների տվյալները:
“Եթե կային խախտումներ, լցոնումներ, ապա դրանք կլինեին ամենուր, ոչ թե մի քաղաքում հաղթեր Րաֆֆի Հովհաննիսյանը, մյուսում Սերժ Սարգսյանը: Նախագահը նախօրոք գիտե՞ր, թե որտեղ է պարտվելու”,-հարցրեց սոցիոլոգը: Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ Ադիբեկյանի` միգուցե երա՞զ է տեսել, որ հաղթել է, սակայն հետո երազախաբ է եղել:
Սոցիոլոգի խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանը միգուցե մտել է դերի մեջ եւ մոռացել է դուրս գալ կամ վախենում է դուրս գալ` իրեն տեսնելով չորրորդ նախագահի դերում:
“Դժբախտաբար մեր ժողովուրդը հեղափոխական չէ, մենք հարեւանի նկուղը կարող է մտնենք վերջին շիշ օղին տանենք, բայց խանութի դուռը չենք կոտրի”,-ասաց նա`հավելելով, որ թաց փայտը չի վառվում, միայն ծուխ է հանում: