ՀՀՇ-ն դառնում է Հայ ազգային կոնգրես կուսակցություն. Լեւոնն է ցրո՞ւմ
Փետրվարի 23-ին, կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը բացատրեց, թե ինչու պետք է Հայոց Համազգային շարժումը վերածվի Հայ ազգային կոնգրես կուսակցության:
“Մենք հասել ենք մի իրավիճակի, երբ մարտահրավերները պահանջում են մեզ վերակազմավորել կուսակցություն: Սա համարձակ քայլ է, որը հնարավորություն կտա դառնալ հզոր մի միություն, ավելի ընդարձակվել, ՀՀՇ-ն չի լուծարվում ՝ պահպանում է պատմական, իրավական եւ բոլոր այլ իրավունքներն ու պարտականությունները, նոր կառույցը կլինի իրավահաջորդը, կպահպանի բոլոր սկզբունքները, նաեւ՝ անդամակցումը բոլոր միջազգային եւ այլ կառույցներում: Կպահպանվեն նաեւ սկզբնական կառույցները, անդամակցումը, գույքը”,-ասաց նա: Սա ըստ Արամ Մանուկյանի, ազատականցում է, եւ ավելի շատ մարդ կբերի կուսակցություն:
Կուսակցության որոշման նախագծի մեջ նշված է, որ այն շարունակում է մնալ Հայոց Համազգային շարժման ամբողջ պատմական ժառանգության տերը, պատասխանատուն եւ ժառանգորդը: Նշվում է, որ վերակազմավորումն իրականացվում է ՀԱԿ ստեղծման նախաձեռնող խմբի ՀՀՇ համագումարին ուղղված առաջարկությունների հիման վրա:
ՀՀՇ պատվիրակ Բաբկեն Արարքցյանը դիմելով ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանին, հարցրեց, որ եթե այդ որոշումը ընդունեն, անձամբ ինքը դառնո՞ւմ է ՀԱԿ կուսակցության անդամ: “Այո, ավտոմատ կերպով”,-եղավ պատասխանը:
Այլ պատվիրակները եւս դժգոհ էին, թե կուսակցության ղեկավարությունը նախաձեռնող խումբ ձեւավորեց, առանց բոլոր կուսակցականների կարծիքը հաշվի առնելու:
“Դուք ուզում եք ցրել կուսակցությունը”,-լսվեց դահլիճից: “Լեւոն Տեր Պետրոսյանն է ուզում ցրել կուսակցությունը”, – ծիծաղելով Հայաստանի առաջին նախագահը: