“Բարեւ”` դասադուլ
Երեկ Ազատության հրապարակում քաղաքացիական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը մի խումբ երիտասարդ ակտիվիստների անունից հանդես գալով Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, քաղաքացիական անհնազանդության, դասադուլի ու գործադուլի կոչ արեց:
Հանրահավաքի ավարտից հետո Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվեցին դասադուլի կոչով նկարներ նարնջագույն ֆոնի վրա /Րաֆֆի Հովհաննիսյանի ”բարեւի, որն արեւ է”, գույնն է, ամենայն հավանականությամբ.-հեղ./ հետեւյալ գրառմամբ.”Բարեւի հեղափոխություն: ԴԱՍԱԴՈՒԼ: Երկուշաբթի օրվանից, ամսի 25-ից սկսում ենք դասադուլը` մինչեւ հեղափոխության հաղթանակը”:
Նկարն ուղեկցվում է հետեւյալ մեկնաբանություն-կոչով.”ՏԱՐԱԾԵ՛Լ-ՏԱՐԱԾԵ՛Լ-ՏԱՐԱԾԵ՛Լ-ՏԱՐԱԾԵ՛Լ: Հայտարարում ենք դասադուլ բոլոր համալսարանների բոլոր ֆակուլտետներում: Այսօր մենք՝ երիտասարդներս ունենք ավելի կարևոր խնդիր. մեր ձեռքերում է մեր երկրի ապագան ու ժամանակն է տեր կանգնելու մեր երկրին, իրավունքներին, մեր ներկային ու ապագային: Երկուշաբթի օրվանից՝ ամսի 25-ից, սկսում ենք դասադուլը՝ մինչ հեղափոխության հաղթանակը”: