Գլուխդ կջարդեմ` մի նկարի. Առավոտ
Անկախ նրանից, թե ինչպես է ավարտվելու այս հերթական հետընտրական լարվածությունը, մի բան կարող եմ վստահաբար ասել` ես բոլոր դեպքերում շարունակելու եմ աշխատել որպես լրագրող: Կանխազգալով մեր արմատական ընթերցողների ցասումը` կարող եմ ավելացնել նաեւ` վերջին 5 տարում մեր բնագավառում աշխատելը շատ ավելի հեշտ է դարձել, քան անցյալում: Վստահ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, եթե նախագահ դառնա, մեզ չի կաշկանդի: Այդ առումով ես միայն մի մարդուց եմ վտանգ զգում` գիտեք, թե ումից:
Եվ չնայած խոսքի ազատության հետ կապված որոշ խնդիրներ լուծվել են, մեկը դեռ կա, եւ հենց դրա մասին էլ ուզում եմ գրել: Կրիմինալ, կիսակրիմինալ, մայլի խուժան, գողականներ, թաղային հեղինակություններ` Հայաստանում մի խավ կա, որը կրում է տարբեր անուններ, բայց որի էությունը նույնն է: Այդ մարդկանց լուսանկարելը, տեսանկարելը այնքան էլ հեշտ չէ` նրանք նստած են իրենց տներում, իրենց թանկանոց ջիպերի ղեկին, ինչպես նաեւ իրենց նախընտրած քյաբաբնոցներում` “մի կտոր հաց ուտելու” նպատակով:
Գուցե վերջին դեպքում, ասենք, սպիտակցի Հայկոյի երգերի ներքո այդ կերպարները որոշեն տեսագրել իրենց պարը, բայց այդ տեսագրությունը հանրության սեփականությունը չի դառնա:
Միակ պահը, երբ այդ “զանգվածը” դուրս է գալիս, այսպես ասած, հասարակական ասպարեզ, ընտրություններն են` նրանք հանձնաժողովների նախագահներ են, քարտուղարներ, անդամներ, լիազորված անձինք, “ժողովուրդ բերողներ” են, ընտրակաշառք բաժանողներ, շտաբի անդամներ եւ այլն: Հինգ տարին մեկ-երկու անգամ նրանք պետք է ծառայեն իշխանություններին, որից հետո կարող են քաշվել իրենց բները ու վայելել իրենց քյաբաբը:
Եվ քանի որ մեր ընտրությունները պետք է որ թափանցիկ գործընթաց լինեն [եվրոպացիների պահանջն է], այդ օրը նրանց հնարավոր է նկարահանել: Հնարավո՞ր է: Պարզվում է, այդ հնարավորությունը զուտ տեսական է, որովհետեւ տեսախցիկը նրանց վրա ազդում է ճիշտ այնպես, ինչպես ցուլի վրա` կարմիր շորը: Թվում է, թե ինչ կա. եթե դու ազնվորեն ու բարեխղճորեն կատարում ես բո պարտականությունները կամ շարքային ընտրող ես, ինչո՞ւ ես կատաղում ու սկսում բղավել` “չփորձվես ինձ նկարել, թե չէ` հեսա էս կամերան գլխովդ կտամ”: Բայց ոչ` դու բարկանում ես, որովհետեւ մեղավոր ես: Այստեղից էլ լրատվամիջոցներին խոչընդոտելու բազմաթիվ դեպքեր, որտեղ ոստիկանները, բնականաբար, գողականների կողմից են: Դատախազությունն էլ, իհարկե, քննելով այդ գործերը` ոչ մի հանցադեպ “չի հայտնաբերում”:
Առաջարկում եմ “Ֆեյսբուքում” բացել “Մի նկարի, թե չէ` գլուխդ կջարդեմ” խումբ, որտեղ կզետեղվեն քյաբաբից ուռած բոլոր դեմքերը, որպեսզի մենք ամեն օր ունենանք այդ կերպարները դիտելու հաճույքը: