Եթե Երեւանի ընտրությունները վերածեն Սարդարապատի
Քաղաքագետ Արմեն Բադալյանը վստահ է, որ ”Ժառանգությունն” ու ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երկար ժամանակ չեն կարողանալու պահպանել իրենց հավաքած ձայները: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում:
Քաղաքագետը նկատեց, որ եթե Երևանի քաղաքապետարանի ընտրություններում ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն ակտիվ պայքար մղեն և կարողանան հաղթել ՀՀԿ-ին, այդ ժամանակ մոտ տասը անգամ կնվազի ”Ժառանգության” ձայները:
”Այդ դեպքում արդեն նա հնարավորություն չի ունենա, իսկ եթե նրանք չլինեն, դա կլինի նվիրատվություն Րաֆֆի Հովհաննիսյանին”,-շեշտեց Բադալյանը: Սակայն այս դեպքում, ըստ Բադալյանի, ”Ժառանգությունը” կրկին հաղթելու հնարավորություն չի ունենա:
”Եթե այդ երեք ուժերը ոչ միայն ակտիվորեն մասնակցեն, այլև ընտրությունները վերածեն իրենց Սարդարապատի, հնարավոր է, որ միասին կարող են հաղթել ՀՀԿ-ին”,-ասաց նա:
Հ.Գ. Henaran.am-ի տեղեկություններով` ՀՀԿ-ը Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու է Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Հաշվի առնելով, որ Մարգարյանը բավական սիրված է Երևանի բնակիչների կողմից, իսկ արդեն իսկ շատ է խոսվում այն մասին, որ ընդդիմությունն էլ կարող է ակտիվ պայքարել, քաղաքապետի ընտրություններում թեժ պայքար է սպասվում:
Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանի ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին: ԿԸՀ-ի Ժամանակացույցի համաձայն` ավագանու ընտրություններին ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն մարտի 11-ից մինչև մարտի 21-ի ժամը 18-ը: Ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մարտի 21-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում: Նախընտրական քարոզչությունը կիրականացվի ապրիլի 7-ից մինչև մայիսի 3-ը: