ՄԱԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն ավելի արդյունավետ են դառնում
Փետրվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Հաոլինգ Հուին:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ անցյալ տարի Հայաստանը նշեց ՄԱԿ-ին իր անդամակցության քսանամյակը եւ կարելի է փաստել, որ այս երկու տասնամյակի ընթացքում Հայաստանը ակտիվորեն ներգրավված է կազմակերպության աշխատանքներում: Նախարարը գոհունակություն հայտնեց նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի գործունեության 20-ամյա արդյունավետ գործունեության կապակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հաոլինգ Հուն բարձր գնահատեց Հայաստանի կառավարության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջեւ առկա համագործակցությունը եւ նշեց, որ ՄԱԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը տարեցտարի ավելի արդյունավետ եւ ընդգրկուն են դառնում:
Զրուցակիցները համակարծիք էին, որ 2009թ.-ին հաստատված ՀՀ-ի 2010-2015թթ.-ի զարգացմանն աջակցության ՄԱԿ-ի փաստաթուղթը (UNDAF) ներառում է խնդիրների այն լայն շրջանակը, որոնց իրականացումը, ՄԱԿ-ի օժանդակությամբ ու փորձագիտական օգնությամբ, հնարավորություն կտա Հայաստանին իրականացնելու Հազարամյակի զարգացման նպատակներով նախատեսված մի շարք ծրագրեր։
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հայաստանի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համատեղ իրականացվող մի շարք նախաձեռնությունների իրականացման ընթացքին: