Ոչ միայն Նիկոլը, Արամ Սարգսյանն ու ՀԱԿ-ն էլ
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ”Ժառանգության” առաջնորդ, նախագահական ընտրություններում երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանի գաղափարակիցը չէ: Հովհաննիսյանն ”Ազատության” հրապարակ է գնում միայն այն պատճառով, որ ժողովուրդն է այնտեղ: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում:
Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայությանն, ապա Հովհաննիսյանի խոսքով` նա ևս այդ նույն պատճառով է հայտնվում ”Ազատության” հրապարակում:
”Նիկոլ Փաշինյանն, ինչպես ես հայտարարել եմ, որ ժողովրդի հետ եմ, նա էլ եկավ, ելույթ ունեցավ ու հեռացավ, այսինքն` ինքը համարում է, որ եթե ժողովուրդը հավաքվել է և որոշակի պահանջներ է ներկայացնում, ինքը որպես լրագրող, թերթի խմբագիր, պատգամավոր, հասարակական գործիչ պարտավոր է այնտեղ լինել և դա ճիշտ մոտեցում է”,-բացատրեց քաղաքագետը:
Վերջինս հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում Հովհաննիսյանի մասին ասաց` ձեր թիմը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ուղղեց` մեր թիմը: ”Այսինքն` նա ընդգծեց դրանով, որ ինքը եկել է ականջալուր լինելու ժողովրդի, քաղաքացիների պահանջներին, ովքեր հավաքվել էին այնտեղ, բայց Րաֆֆին էլ ասաց, որ այստեղ ինձ աջակցության խնդիրը չէ, այլ սեփական ձայների պաշտպանության”:
Հարցին` հնարավոր է ”Ժառանգության” առաջնորդին միանա այնպիսի ռադիկալ ուժ, ինչպիսին ՀԱԿ-ն է, որտեղ “Ժառանգության” առաջնորդին մեղմ ասած` չեն ընդունում, Հովհաննիսյանը պատասխանեց.
”Կմիանա ոչ միայն Նիկոլը, այլև Արամ Սարգսյանը, իսկ եթե ժողովրդի ակտիվությունն էլ մեծացավ, ՀԱԿ-ը ևս կմիանա”:
Հմայակ Հովհաննիսյանը շեշտեց, որ ընդդիմադիր դաշտում տեղի է ունեցել իշխանափոխություն, և այսօր ՀՀԿ-ն գործ է ունենալու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ` որպես առաջնորդ: ”Նա շատ պատվախնդիր անձնավորություն է և երկար էր սպասել այդ պահին: Չեմ կարծում, որ ապարդյուն կօգտագործի, ամեն ինչ անելու է` առավելագույնս քաղելու այս իրադրությունից”,-եզրափակեց քաղաքագետը: